Ինչ պետք է պահանջենք Թուրքիայից
Մեր հիմնական նպատակին հասնելու համար պետք է փոխենք մեր մոտեցումները, այլապես մենք կրկին խարխափումների մեջ ենք: «Աշխարհն առանց ցեղասպանությունների» ցեղասպանության իրավական հարցերին նվիրված խորհրդարանական լսումներին այսօր հայտարարեց պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ ավելացնելով. «Ոչ միայն ցեղասպանության, այլեւ հայրենազրկման դատապարտման բանաձեւով պետք է հանդես գանք աշխարհում, այլապես եթե դատապարտվում է ցեղասպանությունն առանց սեփականության իրավունքի ամրակայման, ապա նա մնում է առանց տան, հայրենիքի ու փոշիանում է»: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում անդրադարձավ Թուրքիային պատասխանատվության կանչելու թեմային, թե ինչ պետք է նրանից պահանջելու. «Քանի որ ցեղասպանության անմիջական հանցագործները ողջ չեն, այդ պատճառով չեն դատվի: Հաջորդ պահանջը՝ թուրք ժողովրդի կրթումն ու Ցեղասպանության հիշատակումն է: Թուրքիան պետք է պաշտոնապես ճանաչի ու ներողություն խնդրի՝ հստակ նշելով Ցեղասպանության կոնկրետ մանրամասները՝ ովքեր են արել ու ովքեր են զոհերը: Թուրքիան պետք է երկրում եւ երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի լայնածավալ կրթական ծրագրեր ու դարձնի հանրակրթական կրթական ծրագիր, բացի թանգարաններ ու իրականացնի միջոցառումներ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ՝ վերականգնի հայկական տեղանունները»: Բացի այդ, ըստ նրա, Թուրքիան պետք է աջակցություն ցուցաբերի հայերին ու ՀՀ-ին՝ նրանց երկարաժամկետ կենսունակության ապահովման համար. «Թուրքիայի առողջացում պետք է իրականացվի. բացի թուրքաբնակ հայերի ու մյուս ազգերի նկատմամբ հարգանքի հաստատումից, նաեւ պետք է արմատախիլ անեն հակահայկական պրակտիկան: Հայերի անշարժ կամ շարժական գույքի վերադարձ ու փոխհատուցում, նաեւ՝ չստացած շահույթի դիմաց: Այն դեպքում, երբ հայերն ունեն համապատասխան փաստաթղթեր, փոխհատուցումը պետք է տրվի հայերին՝ որպես խմբի»: