Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում ԵՏՄ-ի շուրջ մտքերը կրկնվում են

Քաղաքականություն
etm-lsumner6

ԱԺ-ում այսօր շարունակվեցին ԵՏՄ պայմանագրին միանալու մասին քննարկումները: Ելույթ ունենալու համար հերթագրվել էր ութ պատգամավոր: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ լուսատախտակին նշված անունները երեկ չկային, այդ ինչպես եղավ, որ նրանք հիմա ելույթ են ունենում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ այդ պատգամավորները չէին հասցրել գրանցվել, հետո են ավելացրել նրանց անունները. «Ես էլ եմ շահագրգիռ, որ ելույթները քիչ լինեն, որ հասցնենք բյուջեն քննարկենք, մանավանդ որ անընդհատ նույն մտքերն են կրկնվում»: Ի դեպ, այսօր ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանն ավարտում է այս տարվա աշխատանքները: Այդ առիթով Գալուստ Սահակյանը հիշեցրեց պատգամավորներին, որ ժամը 17:00-ին կիրականացնեն քննարկված հարցերի քվեարկություն, որից հետո ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ԱԺ-ն կավարտի այս տարվա իր աշխատանքները: Քանի որ դեռ չեն քննարկվել 2015թ. պետական բյուջեի եւ Վերահսկիչ պալատի 2013թ. ծրագրի հաշվետվության նախագծերը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի ընթացքում կլինի նաեւ արտահերթ նիստ: Մինչ ԱԺ դահլիճում քննարկվում են ԵՏՄ պայմանագրի միանալու մասին փաստաթղթի դրական եւ բացասական կողմերը, խորհրդարանի Դեմիրճյան մուտքի մոտ իրենց բողոքի ակցիան են շարունակում այդ պայմանագրին դեմ արտահայտվող քաղաքացիական ակտիվիստները: