«Գողական ձեւով աբրաշատ լինեմ, ինձ էլ կդնեն մարզպետ»
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Արմեն Երիցյանին` ԱԻ եւ Տարածքային կառավարման եւ Վաչե Գաբրիելյանին` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարների պաշտոնները զբաղեցնելու համար: Այնուհետեւ Կառավարությունը սկսեց նախ պատասխանել պատգամավորների գրավոր հարցադրումներին: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին նամակ ընթերցեց ՔԿՀ-ից: Նա նշեց, որ այդ կալանավորն իր նամակով մի շարք խնդիրներ է բարձրացրել. «Նա հարցնում է` ՀՀ-ն քանի՞ հոգու համար է ստեղծվել, որ նորմալ, մարդկային կյանքով ապրեն այստեղ: Ինչո՞ւ եք սոցիալական գենոցիդ հայտարարել: Բնակչության 70 տոկոսը վարկերի ու տոկոսադրույքների տակ է ու ճռռում է, իսկ ԴԱՀԿ-ն ամեն ամիս մոտ 10 ընտանիք հանում, գցում է փողոցները, իսկ մնացածները լքում են ՀՀ-ն կամ էլ պարտքով են հաց գնում, սոված են»: Տիկին Փոստանջյանն ընթերցեց նաեւ նամակում զետեղված անեկդոտը. «ՀՀ առաջին տիկինն ասում է ամուսնուն` բոլորը գնում են երկրից, արի մենք էլ գնանք, ամուսինն էլ պատասխանում է` որ մենք գնանք, բոլորը հետ կգան: Եթե չեք կարողանում ՀՀ-ում կառավարել...»։ Նրա խոսքը կիսատ մնաց. ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը: «Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք: Հարցին կպատասխանի Արդարադատության նախարարը»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ նշեց, որ Զարուհի Փոստանջյանի վկայակոչած կալանավորը Աշոտ Իզախանյանն է, որն իր պատիժը կրում է «Սեւան» ՔԿՀ-ում, ապա` սկսեց թվարկել նրա կատարած բոլոր հանցանքները. «Հիմա` ըստ էության. այն պատասխանը, որ ստացել եք կառավարությունից, եւ այն բոլոր հարցադրումները, որոնք անում եք հիմա, հռետորական են ու քաղաքական շոուի տրամաբանության մեջ են: Ես կարող եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք վերաբերում են ՔԿՀ-ներին: Այս պահին ՔԿՀ-ներում կա 3946 մարդ, ոչ թե 6000, իսկ նրանց համար պետության կողմից հատկացվելիք ծախսը փոփոխական է: Տիկին Փոստանջյան, դուք` որպես փորձառու իրավաբան, գիտեք, որ պետությունը պարտավոր է ՔԿՀ-ում ապահովել պատշաճ կենսամակարդակ»: Տիկին Փոստանջյանը նկատեց, որ փաստացի 5000 կալանավորի համար պետությունը ամսական հատկացնում է 150 հազար դրամ, սակայն միեւնույն ժամանակ կալանավայրերի առաջ հերթերը շատ մեծ են` հարազատները հագուստ ու սնունդ են բերում իրենց կալանավորներին. «Իսկ իմ ներկայացրած նամակի հասցեագիր կալանավորն անարդարության դեմ իր բողոքի ձայնն է բարձրացնում եւ ասում` պարոն Լիսկան եւս ունի իր նման հանցավոր կենսագրություն եւ շատ տգեղ բառապաշարով, գողական, բանտային խոսելաձեւով գրել է` «գողական ձեւով աբրաշատ լինեմ, ինձ էլ կդնեն մարզպետ»: Եթե այդ քրեական անցյալով մարդուն նշանակել եք մարզպետ, կալանավորն իրապես բողոքի ձայն է բարձրանում` իրեն էլ նշանակեք: Սոցիալական խնդիրներին պատասխան չի տրվում ու հենց սոցիալական պայմաններն են իրեն մղել հանցագործությունների կատարմանը»: Ի պատասխան` Հովհաննես Մանուկյանը նշեց, որ 10 տարի դատավոր է եղել ու հիմա առավելեւս շատ է առնչվում այդ բառապաշարի հետ, սակայն հարկ չի համարում այն հնչեցնել ԱԺ ամբիոնից: Զարուհի Փոստանջյանին մինչ հարց տալը, շտապեց նկատողության անել ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ասելով. «Չափի զգացողությունը ցավալի է, որ ոմանք կորցնում են, մանավանդ, որ դա անում է կինը, իսկ մենք էլ դահլիճում նստած այն լսում ենք»: