Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ բարձրանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahagn-Xachatryan1

«Մեզ մոտ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը փոխկապակցված է դոլար- եվրո հարաբերության հետ, չի բացառվում, որ երկու կազմակերպությունները, իրենց տնտեսական վիճակից ելնելով, տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը բարձրացնելու համար։ Դրա համար բոլոր հիմքերը ունեն»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանի կառավարությունը եւ համապատասխան կարգավորող մարմինները քայլեր պետք է ձեռնարկեն այդ ուղղությամբ. «Եթե հնարավոր է դա անել, պայմանավորվել, որ ռուսական ընկերությունները, որոնք ներկայացված են այնտեղ Հայռուսգազարդը կամ Էլեկտրացանցը, իրենց վճարումները կատարեն ռուբլով»։ Դոլարի պահանջարկը տնտեսագետը պայմանավորում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով եւ ռուբլու փոխարժեքի անկմամբ։ Դրամի արժեզրկումը ամենաշատը իրենց մաշկի վրա զգալու են քաղաքացիները։ Ներկրված ապրանքը կթանկանա։ Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ բոլորովին այլ պատկեր կլիներ, եթե Հայաստանում ազատ մրցակցային շուկա լիներ. «Եթե ներկրողները մեկը-երկուսը չլինեին, որոնք էլ պայմանավորում են շուկայում գները, մենք կզգանք տարբերություն։ Եթե 10-15% տեղի է ունենում արժեզրկում, գների բարձրացումը կլիներ 2-3%, որովհետեւ կլիներ մրցակցություն։ Բոլոր դեպքերում բարձրանալուց էլ իջնելուց էլ մենք՝ քաղաքացիներս, տուժում ենք»։ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքերով՝ դեղերի գների բարձրացումն անխուսափելի է՝ Հայաստանում սպառվող դեղերի 90 տոկոսը ներմուծվում է։ « Նաեւ կազդի տեղական արտադրողների արտադրանքի վրա, որովհետեւ հումքը նույնպես գնվում է արտասահմանյան երկրներից եւ ներմուծվում Հայաստան»։ Իսկ կենտրոնական բանկը շարունակում է պնդել, որ արտարժույթի շուկայում տեղի ունեցող երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ եւ հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել իրավիճակը հնարավոր գործիքների միջոցով: