«Եռյակն ընդունել է իշխանության խաղի կանոնները» . Արարատ Զուրաբյան (տեսանյութ)
«Նրանք, ովքեր իշխանափոխություն էին ուզում, կարող էին ստորագրել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հայտարարության տակ»,-կարծում է ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը շարունակում է խաղալ ոչ իշխանական ուժերի հետ, բանակցությունների պատրանք ստեղծել, ու կարծես եռյակը ընդունել է այդ խաղի կանոնները. «Վերջում պայմանավորվածության կգան իշխանության հետ, և այստեղ միակ խնդիրը կլինի այն, թե ում ինչքան իշխանություն կհասնի։ Հերթական անգամ տուժելու է հասարակությունը»։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, պարոն Զուրաբյանը իր իսկ խոսքերով ընդամենը մի հարց ունի Լևոն Տեր-Պետրոսյանին. «Որտե՞ղ ենք ուղարկելու մեր երեխաներին ու թոռներին սովորելու, որտե՞ղ են մեր ծնողները հանգստանալու և ի վերջո որտե՞ղ է քաղաքակրթության սկիզբը։ Ցավոք սրտի, այսօր չկան այն քաղաքական այրերը, որի հետևից հասարակությունը կգնար։ Ոչ իշխանական ուժերը իշխանության հետ միասին Հայաստանը տանում են ԵՏՄ, դեպի ոչինչը»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պասիվությանը, Արարատ Զուրաբյանը չբացառեց, որ գուցե մի օր բանակցությունների սեղանի շուրջ նստեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը.«Երաժշտության համար վճարում է նա, ով պատվիրել է։ Եռյակում երաժշտություն պատվիրողը ԲՀԿ-ն է, որը ոչ մի անգամ չի ասել, թե Ռոբերտ Քոչարյանի տարիներին ինչ-որ բան վատ է եղել»։ Եզրափակելով իր խոսքը՝ Արարատ Զուրաբյանը նկատեց. «Շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանում վերջապես լյուստրացիա իրականացվեր, քանի որ շատ մարդիկ վստահ են, որ իրենց գործողությունների համար որևէ պատասխանատվություն երբևէ չեն կրելու»։