Ինչքան «կդիմանա» ադրբեջանական նավթը (տեսանյութ)
Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի տնտեսությանը նոր դժվարություն է սպասվում. hսկայական պարտք կա մարելու։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է՝ նավթի գնի անկման եւ ռուբլու արժեզրկման կանխատեսումները նոր չէին։ Դրան պարզապես նպաստեցին աշխարհաքաղաքական զարգացումները։ Ներկայում Ռուսաստանը ձգտում է լրացնել բացը, որը ժամանակին չարեց, այսինքն՝ ուժեղացնել իր տնտեսությունը սեփական արտադրանքի հաշվին։ Այս կերպ, ըստ Խաչատրյանի, իրատեսական չէ հույսեր կապել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից, թե դրանից Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են օգտվել եւ մեծացնել արտահանման ծավալները։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի ադրբեջանցի հյուրը հայ տնտեսագետի տեսակետը ամբողջությամբ չի կիսում։ Ադրբեջանի գործարարության զարգացման հիմնադրամի նախագահ Սաբիթ Բագիրովի գնահատմամբ՝ չպետք է կորցնել հնարավորությունը, քանի որ շուկա այդքան էլ հեշտ չէ ստեղծելը Ռուսաստանի տնտեսության վիճակից Հայաստանն ավելի է տուժում, քան Ադրբեջանը։ Ադրբեջանցիներն էլ են գումար վաստակում ՌԴ-ում, բայց նրանց տնտեսությունն այնքան կախված չէ տրանսֆերտներից, ինչպես մերը։ Իսկ նավթի գնի նվազումը, բնականաբար, առավել կանդրադառնա Ադրբեջանի վրա։ Ըստ Սաբիդ Բագիրովի՝ նավթի գնի նվազման արդյունքում իրենք էլ են գումարներ կորցնում, բայց արտարժույթի ռեզերվների հաշվին՝ այն դեռեւս չի ազդում տնտեսության վրա։ Պահուստային ֆոնդը բավարար է մոտ երկու տարվա համար, պնդում է ադրբեջանցի տնտեսագետը, բայց դա կախված է նրանից, թե ինչքան կնվազի նավթի գինը։