Պատրիկ Ֆիորին՝ միջացառման կնքահայր
Նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող դրամահավաքին Փարիզից մասնակցել են նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինները, իսկ Հունաստանի տեղական մարմինը մարաթոնին միացել է նոյեմբերի 22-ից 23-ը Աթենքում անցկացված դրամահավաքով: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաեւ Բելգիայի հայ համայնքը: Միջոցառումն այս տարի անցկացվել է ` «Տաղանդ, հմայք եւ առատաձեռնություն» խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների եւ հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաեւ միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: Նվիրաբերված գումարներն այս տարի կուղղվեն Տավուշի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայերի աջակցությանը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը։