Օրը 2 անգամ վարչապետի մտքով անցնում է հրաժարական տալ (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու 2015թ. պետական բյուջեի նախագծին: «Արհեստական, անիմաստ բյուջե է սա: Պետությունը շատ հիվանդ վիճակում է: Դուք որեւէ քայլ այդ ուղղությամբ չեք անում: Այստեղ նստած են պրոֆեսիոնալներ (նկատի ունի նախարարներին-խմբ.), հնարավորություն տվեք նրանց, որպեսզի կարողանան արժանապատվորեն դնել իրենց ստորագրությունները որոշումների տակ: Ափսոս, վարչապետն այստեղ չէ, ես վստահ եմ, որ օրը երկու անգամ նրա մտքով անցնում է հրաժարական տալ: Սա ասում եմ շատ բարեկամաբար, քանի որ այն վերջին սահմանը հատվել է արդեն, կողմնորոշվեք»: Նա հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, թե ինքը կախարդական փայտիկ չունի՝ խնդիրները լուծելու համար. «Մենք հասկանում ենք, որ կախարդական փայտիկ ունենում են հեքիաթներում Բաբա Յագան կամ Ոսկե Ձկնիկը, իսկ իրական կյանքում նաեւ դիլլերները, իսկ մեր կառավարությունը պետք է ունենա ռազմավարության եւ հեռանկարային փայտիկ: Մի թիմ կա, որ գիշատիչի աչքերով նայում է բյուջեին ու որոշում նրա կառուցվածքը»: Ըստ պարոն Հակոբյանի՝ նա, ով այսօր ստվերում է, չի կարող պայքարել իր դեմ, նա, ով ատկատներ է բաժանում, չի կարող հրաժարվել այդ տոկոսներից. «Բնության օրենքին դեմ չես կարող գնալ ու ասենք՝ աջ ձեռքը կտրի ձախը: Հիմա մի քանի թաթիկների վրա ման եկող տղաներ վարչապետին ամեն օր ասում են՝ բոլորը ձեզ հավատում են, բայց դա այդպես չէ: Մի քանի նախարար էլ ժեկից թուղթ է բերել, թե ինքը գործարարությամբ չի զբաղվում»: ՀՅԴ-ն, ինչպես հայտարարեց Արծվիկ Մինասյանը, եւս դեմ է քվեարկելու բյուջեին: «Մենք այլ բան չէինք էլ սպասում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: