Զարուհի Փոստանջյանը՝ ՔԿՀ-ից ստացած նամակների մասին (տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ նախորդ անգամ կալանավոր Իսախանյանից նամակ էր ներկայացրել, սակայն Կառավարության կանոնակարգի խախտում է եղել, քանի որ իրեն չեն պատասխանել. «Եւս մեկ նամակ ունեմ կալանավոր Անդրանիկ Բեգլարյանից, որ 8 ամիս է՝ պատիժը կրում է «Սեւան» ՔԿՀ-ում, սակայն վաղաժամկետ ազատման այդպես էլ դեռ չի ներկայացվել, թեեւ բոլոր հիմքերն ունի: Հիշեցնեմ, որ շուրջ 4 հազար կալանավոր կա այսօր ՀՀ-ում, եւ բյուջեից ամսեական 150 հազար դրամ է հատկացվում յուրաքանչյուր կալանավորի համար: Դա մեծ թիվ է, ու մենք կարող ենք օգնել նրանց ու հետ բերենք հասարակություն»: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ կալանավոր Իսախանյանի հետ կապված տիկին Փոստանջյանը սահմանված կարգով չի ներկայացրել, ու դա պատգամավորական հարցում չի ընկալվել կառավարության կողմից. «Սակայն մենք մանրամասնորեն կպատասխանենք ձեր բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է Անդրանիկ Բեգլարյանին, ապա բնականաբար, կալանավորների այդ ահռելի ծավալի մեջ նախարարը չի կարող բոլորին հիշել, դրա համար ես լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնեմ: Սակայն ուզում եմ նշել, որ «Սեւան» ՔԿՀ-ում կրկնահանցագործներ են, եւ շատ հնարավոր է, որ անկախ նրանից` ինչի համար է նա դատապարտված, վարքագծի խնդիրներ է ունեցել կալանավայրում, դրա համար էլ վաղաժամկետ ազատ արձակման չի ներկայացվել»: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ ինքը հարցումը օրենքով սահմանված կարգով է ներկայացրել: