«Սերժ Սարգսյանի ծրագիրը ձեզ համար արժեք չունի՞» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց 2011թ. ԱԺ ընդունած «Սեւանի մասին» օրենքը, որտեղ խոսվում է նաեւ Եղվարդի ջրամբարի շահագործման մասին. «Այսօր բյուջեում Եղվարդի մասին խոսք չկա: Բացի այդ, ուզում եմ իմանալ` ո՞ւր է հասել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործը»: Նրա հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ «Որոտան»-ի վաճառքի բանակցությունները շարունակվում են. «Արմատապես վերանայում ենք վաճառքի պայմանները: Բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների: Իսկ Եղվարդի ջրամբարի հետ կապված ասեմ, որ աշխատանքներն իրականացվում են միջազգային ֆինանսավորմամբ»: Արամ Մանուկյանը նշեց, որ «Որոտան»-ի համար տարիներ շարունակ հսկայական վարկեր են վերցվել` դրանով մեծացնելով արտաքին պարտքը եւ միաժամանակ վաճառքի հանելով ՀԷԿ-երի համալիրը. «Ինչ վերաբերում է Եղվարդի ջրամբարին, ապա նույն նախադասությունը հնչում է արդեն քանի տարի շարունակ, մինչդեռ այստեղ Սեւանի պահպանման խնդիրն է: Ինչքան կարելի է ասել, որ ջրամբարի խնդիրը նախագծային փուլում է: Սերժ Սարգսյանի ծրագիրը ձեզ համար արժեք չունի՞. էդ մարդն ասում էր, որ դեռ 2013թ. պետք է այն լիարժեք կառուցվի»: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ «Որոտանի» դեպքում լինում է, որ պարտք են վերցնում, վերանորոգում են, ապա` վաճառում, եւ դա գնի վրա, բնականաբար, ազդում է. «Ինչ վերաբերում է Եղվարդի ջրամբարին, ապա այն փաստացի դոփում էր տեղում: Վստահեցնում եմ, որ 2015թ. տարեվերջին մենք ոչ միայն ասելիք կունենանք ձեզ, այլեւ ցույց տալու բան»: