Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ընդդիմությանն առաջարկում է ամբողջ իշխանությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7c51d0cb1b31b5f41b233095cec635f8

Քաղաքական ներկա ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ ոչ թե խորհրդարանական ընտրություններն են։ «Հայաստանի Հանրապետությունը գերկենտրոնացված իշխանություն ունի նախագահի ներքո, ուստի ես կարծում եմ հենց այդ գերկենտրոնացված իշխանությունը պետք է փոխվի արտահերթ ընտրություններով, ապա նաեւ խորհրդարանը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի բազմաթիվ պատճառներ է նշում՝ արտագաղթ, 1 միլիոն մարդու վրա տարածվող աղքատություն, սակայն եւս մեկը նրան ծանր է թվում՝ Սերժ Սարգսյանը 4 տարի եվրոպացիների հետ բանակցել է եվրոասոցացմանը միանալու համար եւ մեկ գիշերում միացել Մաքսային Միությանը. «Հենց այդպես՝ խաբել է»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անիմաստ է համարում խոսել քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին՝ մեր երկրում չկա քաղաքական ճգնաժամ. «Ի՞նչ ա՝ եթե յուրաքանչյուր միտինգավորներ դուրս են գալիս փողոց եւ իրենց դժգոհությունները հայտնում են, ուրեմն պիտի հայտարարեն, որ քաղաքական ճգնաժա՞մ է»։ Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, եթե ընդդիմությունը խնդիրներ ունի ձեւակերպելու, որոնք չի կարողանում անել այս խորհրդարանում, թող սպասի հաջորդ ընտրություններին. «Նոր քաղաքական բաժանումները կլինեն, եւ այն ժամանակ կտեսնենք, թե ինչքանով էին ճիշտ այդ մարդկանց դժգոհությունները»։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նույնիսկ մեխանիզմներ է առաջարկում, թե ինչպես ընդդիմությունը կարող է իշխանության գալ եւ խորհրդարանում, եւ նախագահի ապարատում. «Կարող են սահմանադրական բարեփոխումներից հետո հաղթել ԱԺ ընտրություններում այդ եռյակով, քառյակով, գլոբալ առումով հաղթել ԱԺ ընտրություններում ձեւավորել եւ կառավարություն, եւ նախագահ»։ Պարոն Սահակյանը նույնպես արտահերթ ընտրությունների ոչ մի պատճառ չի տեսնում։ Իսկ այն, որ Ազատության հրապարակը կրկին լիքն է, ոչինչ չի նշանակում. «Այո պահանջում են իշխանափոխություն։ Եթե ընդդիմությունը չպահանջի իշխանափոխություն, էլ ինչի է ընդդիմություն, հենա կլինես իշխանություն։ Երկրորդ, իշխանափոխություն ես պահանջում ինչի՞ համար»։ Պարոն Սահակյանը հետեւել է եռյակի վերջին հանրահավաքներին եւ ուզում է հասկանալ՝ այդ ե՞րբ են նրանք իշխանափոխություն պահանջել. «Երեքից մեկը խոսեց լրիվ այլ թեմայով, երկրորդը խոսեց հիմա նստենք նստացույց, զսպեցին անմիջապես, էդ խնդիրը փակեցին, երրորդը եկավ խոսեց իր պատկերացումներից կամ, որ մենք ժողովրդի հետ ենք, ուրախ ենք»։