Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անոնիմուսների երթի մասնակիցը պատրաստվում է դատարան դիմել

Քաղաքականություն
anonimus1

Նոյեմբերի 5-ին, երեկոյան, Ազատության հրապարակում ակցիա իրականացնող 8 ակտիվիստի նկատմամբ վարչական բերում է իրականացվել ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով՝ հանրային տարածքները ոչ նպատակային գործածելու համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ըստ օրենքի, բոլոր ակտիվիստները վարչական տուգանքի են ենթարկվել սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով։ Ակտիվիստ Վահագն Մինասյանը համամիտ չէ այս մեղադրանքի հետ։ Հավաստիացնում է` իրեն եւ իր մի քանի ընկերների ձերբակալել են հետիոտնի համար նախատեսված անցումի մոտ՝ կանաչ լույսին սպասելիս. «Ոստիկանության ավտոմեքենան կտրեց մեր ճանապարհը եւ ոստիկանները առանց ներկայանալու ու առանց որեւէ պատճառ մատնացույց անելու տարան մեզ։ Միայն 1,5 ժամ հետո զեկուցագիր ներկայացրեցին՝ վարչական վարույթ իրականացնելու մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը ու հավելեց, որ չի վճարելու տույժը։ Դեռ ավելին, նա պատրաստվում է բողոքարկել վարչական վարույթը դատարանում. «Նրանք վարույթում նշել էին, որ մենք իբր Ֆրանսիայի հրապարակում խոտածածկն ենք տրորում, սակայն նման բան չի եղել, մենք փողոցում կանգնած էինք, ի՞նչ խոսք կարող է գնալ 172.2 հոդվածի մասին»։