Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որ պերմանենտ ընկել եք մի շրջապտույտի մեջ»

Քաղաքականություն
ayvazyan

Ազգային ժողովն այսօր շարունակեց 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր քննարկվում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի եկամուտներն ու ծախսերը: ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին մտահոգել էր այն, որ դպրոցաշինությանը հաջորդ տարի 15 մլրդ դրամի փոխարեն կհատկացվի 5 մլրդ. «Մեր կրթական ոլորտն այնքան էլ բարվոք վիճակում չէ, ինչո՞ւ է այդպես արվել»: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց՝ եթե մեր մակրոտնտեսական ցուցանիշները լինեին այն, ինչ սահմանված էր, ապա ավելացումներ կանեին. «Սակայն բավարար չեղավ, հարկերը լավ չհավաքվեցին, եւ արդյունքում դե յուրե պակասեցում կա, բայց դե ֆակտո չկա»: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ հաջորդ տարի բոլոր շինարարություններն անցնելու են տեխնիկական ուսումնասիրություններ. «Ծախսատարությունը կապահովի ավելի հուսալի արդյունքներ: Մինչ այս տարի միջինը 18 օբյեկտ է հասցվել ավարտին, հաջորդ տարի նախատեսում ենք 60 տոկոս եւ ավելի: Սա անում ենք, որպեսզի շենքերի շինարարությունը մաքսիմում տեւի երկու տարի»: Նա նշեց նաեւ, որ 7 մլրդ դրամից ավելի հատկացում կլինի հիմնականում կրթական, սպորտային, մշակութային օբյեկտների համար. «Կա նոր չորս օբյեկտի շինարարության նախագիծ, 16 օբյեկտ էլ ավարտին կհասցվի»: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր կողմից ավելացրեց, որ 22 տարվա ծրագիր է կրթության ծրագրով իրականացվող շինարարությունը. «Մինչեւ դրանք ավարատեք, վերանորոգելու խնդիր է առաջանում: Ոնց որ պերմանենտ ընկել եք մի շրջապտույտի մեջ. անընդհատ գումար ես դնում ու ավարտին չի հասցվում»: Նարեկ Սարգսյանը եւս խնդրահարույց դա համարեց եւ հայտարարեց, որ արդեն իսկ կատարել են բյուջեի վերաբաշխում: Վարդան Այվազյանը կրկին ընդմիջեց՝ ասելով, որ շատ լավ հասկանում է նման հարցերի ենթատեքստը, եւ պետությունը շատ կարեւորում է դպրոցաշինությունը»: