Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը բավական խոցելի է. Զ. Փոստանջյան (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում Հարգելի հայրենակիցներ, Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը բավական խոցելի է և հայտնվել է աշխարհաքաղաքական նոր կարգերի վերաձևման դիտակետում։ Ներկայիս ապազգային իշխանություններն ի վիճակի չեն դիմակայելու առկա մարտահրավերներին, ինչը առաջացնելով ճգնաժամ՝ հիմքեր է ստեղծել հեղափոխություն իրականացնելու համար։ Այսպես՝ հեղափոխական իրավիճակի նախադրյալներից են. • Իշխանության ուղղահայաց ղեկավարման մասնակի խափանումներ: • Տարիներ շարունակ գործող «քաղաքական էլիտայի» ներկայացուցիչների միջև պետական ռեսուրսների միանձնյա ապօրինի տնօրինման համաձայնության շուրջ պայմանավորվածությունների խախտումներ։ • Զգուշավորություն և անկանխատեսելի հեռանկարներ ապագա նախագահի թեկնածուների շրջանում։ • Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության կողմից Սերժ Սարգսյանին որպես անվստահելի դրածո անձի ընկալում։ • Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի առավել վատթարացում՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված: • Հայ ժողովրդի կողմից Սերժ Սարգսյանին որպես ապազգային կերպարի ընկալում: • Արցախի Հանրապետության տարածքների հանձնման ստորագրություն մադրիդյան սկզբունքների հիման վրա: • Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունների ստորագրում: • Հայկական պետականություններ վերացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ստորագրում: Հավատացած եմ՝ մեր հեղափոխությունը պետք է լինի ժողովրդի ճշմարիտ հեղափոխություն, ինչն իշխանության կբերի բացառապես չարատավորված ուժերի ու նվիրյալ անհատների: Եվ բոլորիս հեշեցնեմ մեր սիրելի զորավար, ազգային հերոս Անդրանիկի խոսքերը. «Իմ կոչս է բոլոր հեղափոխական ընկերներուս, բոլոր հայ ժողովրդին՝ կուսակցական ինչ դավանանքին ալ պատկանին, ժամանակ է, որ սթափվինք, սեղմենք մեր շարքերը: Ազատության գործը շատ դժվարին գործ մը դարձած է, մեծ ուժի կկարոտի, ազգովի քով քովի գանք և այդ մեծ ուժը կազմենք, քաջությունը, դրամը, զենքը չէ, որ կպակասին մեզի, այլ՝ կամքը, զորացնենք մեր կամքը և վստահ ըլլանք, որ կփրկվինք»: Զարուհի Փոստանջյան