Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքա՞ն գումար է պետք արտահերթ ընտրությունների համար

Քաղաքականություն
43683027b286aa86afe3b03b563567f5

Եկող տարի սպասվում է արտահերթ ընտրություններ: Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հարց ուղղելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Վերջինս զարմացած արձագանքեց. «Անկեղծ ասաց՝ չգիտեի»: «Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական եւ նախագհի ընտրությունների համար առանձին-առանձին»: Տիգրան Մուկուչյանը հատ առ հատ սկսեց թվարկել, թե այս տարի որքան ՏԻՄ ընտրություններ են եղել՝ 132 համայնքում եղել են հերթական ընտրություններ, իսկ երեք համայնքում դեռ նախատեսվում են արտահերթ ընտրություններ. «Եկող տարվա ընտրությունների ցանկը հաստատել ենք ու 150 համայնքում ունենք հերթական ընտրություն: Դրանք արդեն պլանավորվել են: Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար ԿԸՀ-ն դրանք իրականացնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են»: Զարուհի Փոստանջյանը պնդեց իր միտքը՝ ասելով. «Բնականաբար, ես խոսում եմ օրենքով սահմանված ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները եւս օրենքով սահմանված են, ու սպասվում են եկող տարի»: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց. «Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 1917 եւ 1918թթ.»: «Եթե չկա իրավական հիմք, ապա որեւէ թիվ չի կարող հաշվարկվել, թե որքան պետք կգա ձեր ասած ընտրությունների համար»,- շարունակեց պարզաբանել Տիգրան Մուկուչյանը: Զարուհի Փոստանջյանին չբավարարեցին պատասխանները, եւ նա շարունակեց. «Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա. ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն»: «Տիկին Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշգրտությամբ կարող ենք ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին»,- վստահեցրեց ԿԸՀ նախագահը՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով տիկին Փոստանջյանի հարցադրումներին: