Հոկտեմբերի 27-ն իրականացնողները ձերբակալված են. Էդ. Շարմազանով
Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանությունները այն կարծիքին են, որ հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր՝ ուղղված Հայոց պետականությանը: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով. «Դա Հայոց 3-րդ հանրապետության ամենասեւ օրերից մեկն էր, երբ գլխատվեցին պետության մի քանի առաջնորդներ` սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահները, նախարարներ: Սակայն փաստն այն է, որ իրականացնողները ձերբակալված են, դատապարտված են»: Ըստ նրա, մի բան ակնհայտ է` ով ծրագրել ու իրականացրել է այս ոճրագործությունն ընդդեմ Հայոց պետականության եւ մեր ազգի, մեղմ ասած, թշնամի է. «Հոկտեմբերի 27-ից հետո մեր պետությանը տրվեց նոր մարտահրավեր, եւ եթե մեր ղեկավարները կենդանի լինեին, շատ-շատ մարտահրավերներ մենք ավելի միասնական ու հաջողությամբ կհաղթահարեինք: Մեզ համար սա կրկնակի ցավ է. չեմ ուզում կուսակցականացնել, սակայն Վազգեն Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն էր, եւ նա կոնսոլիդացնում էր շատ մարդկանց, ինչպես նաեւ` Կարեն Դեմիրճյանը»: Պարոն Շարմազանովի համոզմամբ` մեր խնդիրը պետք է լինի, որպեսզի պահպանենք ու փայփայենք հայոց պետականությունը լավ ու ազնիվ աշխատանքով. «Խոսքերով, գոռալով, բնականաբար էմոցիաները կարեւոր են, բայց մենք` քաղաքական գործիչներս, խորհրդարանի ներկայացուցիչներս, պետք է միայն ու միայն ազնիվ աշխատանքով հասնենք նրան, որպեսզի այն Հայաստանը, որ գալու է վաղը, լինի սպարապետի ու Կարեն Սերոբիչի երազած Հայաստանը»: