Ջ. Ուորլիքը հույսեր է կապում Փարիզում կայանալիք հանդիպման հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների՝ Փարիզում նախատեսված հանիպումը կողմերին ավելի կմոտեցնի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ես արդեն Փարիզում եմ, որտեղ նախագահ Օլանդը կհյուրընկալի նախագահներ Սարգսյանին և Ալիևին։ Հույս ունեմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը: Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերին նախատեսված հանդիպումը հաստատել էր Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում։ 2014թ. սեպտեմբերի 4-ի երեկոյան Ուելսի Նյուպորտ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: