Կատակլիզմներ չեն լինի (տեսանյութ)
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը խոսելով հանրապետությունում հոկտեմբերի երկրորդ կեսի և առաջիկա ամսվա եղանակային կանխատեսումների մասին, նշեց, որ հոկտեմբերի 26-ին և 27-ին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում։ «Լինելու է ձյուն և մերկասառույց»,-զգուշացրեց Գագիկ Սուրենյանը։ Վերջինս հավելեց նաև,որ նոյեմբերի առաջին տասնօրյակում կլինի մինչև 15աստիճան ջերմաստիճանի բարձրացում, իսկ երկրորդ տասնօրյակում այն կնվազի՝ մինչև 2-ից 7 աստիճան ցրտի։ Փորձագետի խոսքով՝ Արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետության տարածք են տեղաշարժվում արկտիկական օդային հոսանքներ՝ անտիցիկլոնի տեղաշարժով պայմանավորված։ Բանախոսի համոզմամբ՝ ոչ մի կատակլիզմ կամ անոմալ երևույթ նոյեմբեր ամսվա ընթացքում չի կանխատեսվում, և սպասվում է այնպիսի նոյեմբեր, որը համահունչ է մեր բնակլիմայական պայմաններին։ Ըստ մասնագետի՝ բերքն այս ամենի արդյունքում չի վնասվի։