«Պաշտոնական Երեւանը մասնակից է հանցագործությանը» (տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմանք հայտնեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» հարցով զեկուցող նշանակելու Խորհրդարանական վեհաժողովի որոշման և այդ կապակցությամբ պաշտոնական Երևանի լռության մասին։ «Լռությունը տվյալ դեպքում մասնակցություն է հանցագործության մեջ։ Ես դա այդպես եմ ընդունում, և լռելու մենք որևէ իրավունք չունենք, քանի որ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումը հակասում է միջազգային օրենքներին, հակասում է իրականությանը և արդարությանը։ Մենք պետք է բողոքարկենք կամ դատի տանք նրան այդ բառի համար, քանի որ դա խոչընդոտում է նաև բանակցային գործընթացին։ Հակառակ դեպքում դա նշանակում է հարմարվել այն կեղծիքին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետը համոզված է նաև, որ Ռոբերտ Ուոլթերին այդ պաշտոնում նշանակելը և վերջինիս կողմից նման վերնագրով զեկույց պատրաստելը ունի քաղաքական շղարշ։ «Ռոբերտ Ուոլթերը նաև այն մարդն է, ով գարունը՝ մարտ ամսին , ԵԽԽՎ նախագիծ ներկայացրեց ԵԽԽՎ-ում Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ, և ես կարծում եմ, որ հոկտեմբերի 10-ի հայտնի գործընթացներից հետո նրա նշանակումը ուղղակի ակնարկ էր»,-ասաց նա։ Քաղաքագետը հատկապես շեշտում է , որ անկախ այն հանգամանքից, թե ով է նշանակվել զեկուցող, եթե անգամ այդ մարդը հայ լիներ, կամ Հայաստանի պատվիրակության անդամ լիներ , ապա այս պայմաններում , նման վերնագրով զեկույցից հետո, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է պարզապես թույլ չտան, որ Ուոլթերը մուտք գործի Հայաստան, կամ ոտք դնի Արցախ։ «Այդ մարդը իրավունք չունի մտնել Հայաստան։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ Արցախի կողմից նման հայտարարություն եղել է ՝ կամ պետք է փոխվի այդ վերնագիրը կամ Արցախը թույլ չի տալու, որ Ուոլթերը մուտք գործի Արցախ։Իսկ ՀՀ-ի կողմից՝ դեռևս ոչ»։