ՕԵԿ-ը շրջանցում է իշխանափոխության մասին հարցը (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների համար անհարժեշտ է , որպեսզի լինի երկու կարևոր նախապայման ՝ քաղաքական կոնսենսուս և հասարակական պահանջ, որոնցից և ոչ մեկը այսօր պատգամավորի համոզմամբ՝ չկա ։ Բանախոսը փաստում է, որ թեև սահմանադրությամբ ամրագրված է, որ այսօր յուրաքանչյուր ոք ունի իր սեփականությունը ազատ տնօրինելու իրավունք, սակայն բազմաթիվ անգամներ ականատես ենք լինում ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների գույքի կամ մասնավոր սեփականության բռնագանձման կամ վարչական տուգանքների ենթարկելու փաստին։ «Կարևորագույն խնդիրներ կան մեր հասարակության առջև ծառացած, որոնք հրատապ լուծման կարիք ունեն , և փոխանակ իշխող վարչախումբը ձեռնամուխ լինի տվյալ խնդիրների վերացմանը, ձեռնարկել է ինչ-որ ժամանակավրեպ սահմանադրական բարեփոխումներ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։ Լեւոն Տեր –Պետրոսյանի հայտարարության առնչությամբ, թե իրենք շնորհակալ կլինեն ՕԵԿ-ից, որ վերջինս միայնակ պայքարի իշխող հանրապետականների դեմ, պատգամավորը նշեց, որ այսօր ՕԵԿ-ը անկախ և ինքնուրույն քաղաքական ուժ է, և միայնակ էլ կարող է պայքարել երկրի կարևորագույն խնդիրների լուծման համար , առանց սպասելու որևէ մեկի շնորհակալությանը։ «Մենք ինքնուրույն հանրահավաքներ անելու փորձը ունենք, հիշեք ամիսներ առաջ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ՕԵԿ-ի հանրահավաքը»,-ասաց նա։ Բանախոսը նաև հավելեց, որ քառյակում կամ եռյակում ընդգրկվելու հրավեր դեռևս չեն ստացել, սակայն սերտորեն աշխատում են խորհրդարանական իրենց գործընկերների հետ։ ՕԵԿ-ի օրակարգում իշխանափոխության պահանջի վերաբերյալ հարցին Հովհաննես Մարգարյանը տվեց խուսափողական պատասխան։ Լրագրողները պնդեցին, որպեսզի վերջինս հստակեցնի, թե ամբիոնից ՕԵԿ-ը պահանջելո՞ւ է ՀՀԿ-ի հեռացում, թե ոչ, Հովհ. Մարգարյանը ասաց. «Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է, դա կլինի հերթական թե արտահերթ ընտրությունների միջոցով, այնուամենայնիվ, դրա կարիքը կա»,-սահմանափակեց նա։