«Ընդդիմությունը ժողովրդին գործիք է համարում»
Եռյակի հանրահավաքը արդարացված էր միայն եռյակի համար, ինչը չես կարող ասել ժողովրդի մասին` համոզված է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը. «Նրանք չէին եկել, որ իրենց ասեն՝ դու գործիք ես թաթար-մոնղոլական վարքագծով, ու մենք քեզ կասենք, երբ ենք քեզ օգտագործելու»։ Ըստ Ազատ Արշակյանի` ժողովուրդը եկել էր հանձնարարություն տալու հարթակում գտնվողներին, բայց ստացվեց հակառակը. «Ես չեմ կարծում, որ ժողովուրդը համաձայնեց նրանց հետ։ Նրանք ուրիշ բան էին ուզում։ Կարծում եմ, որ շատերը հիասթափվեցին ու մյուս անգամ էլ չեն գա»։ Պարոն Արշակյանը, սակայն, հավելում է, որ մի մասն էլ ժողովրդի ստիպված կրկին կգա, քանի որ սա միակ ձեւն է իշխանության վրա ազդելու։ Եթե ընդդիմությունը ժողովրդին գործիք է համարում` իր ծրագրերը իրականացնելու համար, որը դեռ ինքն էլ չգիտի, ուրեմն, ըստ Ազատ Արշակյանի, այդ ընդդիմությունը միջնորդ է, ինչ-որ ուժի եւ ժողովրդի միջեւ, եւ հենց այդ ուժը կասի նրանց` ինչպես օգտագործել ժողովրդին։