ՀԿ նախագահը լքում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը (տեսանյութ)
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, ով այս տարվա մայիս ամսից է ներգրավվել ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, դուրս է գալու հանձնաժողովից: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ մարմնի գոյությունը ձեւական բնույթ է կրում եւ չի ծառայում իր նպատակին: «Ակնկալվում էր, որ հանձնաժողովը աշխատելու է, սակայն որեւէ ծառայողական քննություն չի իրականացվել: Հանձնաժողովի գործունեությունը արդարացված չէ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Արման Դանիելյանը: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Վերուժան Հակոբյանը նշում է, որ կարգապահական հանձնաժողովն իրավունք չունի միանգամից արձագանքելու դեպքերին: «Կարգապահական կոպիտ խախտում» որակավորումը տրվում է միայն ծառայողական քննության արդյունքում, այլապես դա կլինի անմեղության կանխավարկածի խախտում»,- նշում է նա: Պարոն Հակոբյանի խոսքերով՝ ներկա պահին ՀՔԾ-ում գործեր են հարուցված եւ Սարյան փողոցում էլէներգիայի թանկացման հետ կապված ոստիկանների գործողությունների հետ, ընթանում է նախաքննություն, իսկ իրենք այլ լիազորություններ չունեն: Արման Դանիելյանի որոշումն անփոփոխ է՝ նա դուրս է գալիս հանձնաժողովից, սակայն պատրաստվում է նախաձեռնությամբ հանդես գալ: