Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծայրահեղ աղքատներ եւ միլիոնատերերի բանակ (տեսանյութ)

Քաղաքականություն
11

Աշխատատեղեր, բարձր աշխատավարձ եւ բարեկեցիկ կյանք. Երեւանում նշվեց արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը։ Աշխարհի տարբեր երկրներում արհմիությունները 7-րդ անգամ նշում են Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը՝ այն համարելով Աշխատավորների օրվա՝ մայիսի 1-ի շարունակությունը։ Այսօրվա երթին մասնակցում էին պետհիմնարկների արհմիությունների անդամները։ «Աշխատատեղերի ստեղծում ենք պահանջում եւ համայնքային ծառայողների արժանապատիվ աշխատանք։ Այսօր աշխատավարձը այնքան էլ արժանապատիվ չէ»,- ասաց Հայաստանի պետհիմնարկների ՏԻՄ ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Երեւանի կենտրոնական փողոցներով անցկացված երթի մասնակիցները հայտարարում են, թե Հայաստանում համատարած ոտնահարվում է աշխատանքային օրենսգիրքը։ «Ամեն աշխատող, երբ պայմանագիր է կնքում իր գործատուի հետ, պետք է իմանա, թե այնտեղ ինչ է գրվում եւ ինչքան աշխատավարձ պետք է ստանա, քանի ժամ պետք է աշխատի, դրանք շատ կարեւոր հարցեր են»,- նշում է Սեդա Հարությունյանը։ Իսկ Ռուզաննա Զոհրաբյանը ավելացնում է. «Պետք է միահամուռ պայքարել աշխատանքային իրավունքների համար։ Գնահատեն մարդու աշխատանքային փորձը գիտելիքները, կրթությունը, սոցիալական հմտությունը, ոչ թե նորավարտներին ծանոթություններով տեղ տան»։ Արհմիությունների անդամները կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց բարձրացրած խնդիրների վրա։ Նրանք նաեւ համաշխարհային մի ցուցանիշ են ներկայացնում, որը բնորոշ է Հայաստանին եւս։ Ավելի քան 1,2 մլրդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, մինչդեռ միլիոնատերերի բանակը ռեկորդային տեմպերով ավելանում է։ Միայն անցած տարում միլիոնատերերն ավելացել են 15%-ով: Նման թռիչքային ցուցանիշ 2000 թվականից ի վեր չի եղել: