Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թալանում ենք, կազինո ենք գնում, բայց Ղարաբաղը պահում ենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon

Վանաձորում եռյակի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն, ի պատասխան հավաքվածների կոչերի, հայտարարեց, որ հավաքվել են իշխանափոխություն անելու համար: Նախեւառաջ պարոն Զուրաբյանը հավաքվածներին կոչ արեց հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքին անձրեւանոցներով գալ, քանի որ չի բացառվում, որ այդ օրն էլ այսօրվա նման անձրեւոտ կլինի. «Օրինակ` Հոնկոնգում անձրեւանոցը դարձել է նրանց սիմվոլը»: Պարոն Զուրաբյանը խոսեց իշխանություններին ներկայացրած իրենց 12 կետերի մասին, որոնցից մեկով պահանջում են վերջ դնել մենաշնորհներին: Այնուհետեւ, նա հիշեց Չեխիայում Սերժ Սարգսյանին մի կնոջ ուղղած հարցը, որը վերաբերում էր շաքարի մենաշնորհին. «Խելքին աշեցեք, թե ինչ պատասխան է տալիս` բա ՀՀ-ի նման փոքր երկրում կարող է՞ 10 շաքար ներկրող լինի: Ախպեր, քո նման խելք ունեցող նախագահն անգամ շատ է ՀՀ-ի համար: Սա ահավոր թալան է: Միայն շաքարավազի ներկրման եկամտաբերությունը 250 տոկոս է: Միայն շաքարավազի մենաշնորհը քանդելուց գինը 1.5 անգամ պակասելու է, էլ չեմ ասում մյուս մենաշնորհների` բենզինի ու մյուսների մասին: Մենք բոլորով պետք է քշենք այս իշխանություններին ու ՀՀ-ում ստեղծենք ազնիվ մրցակցության մթնոլորտ: Արդեն զզվում ենք մեր ասածներից, քանի որ հարյուր անգամ նույն ճշմարտությունն ենք ասում»: Ըստ Լեւոն Զուրաբյանի` մենք գործ ունենք միեւնույն աղետի հետ եւ իշխանության աթոռին նրանց մնալու միակ արդարացումը հետեւյալն է. «Ճիշտ է, ժողովուրդ ջան, թալանում ենք, կազինո ենք գնում, բայց Ղարաբաղը պահում ենք: Այս թեման հենց այնպես չեմ բացում: ԵԽԽՎ-ից եմ վերադարձել, որտեղ հայաստանյան դիվանագիտությունը կրել է իր խայտառակ պարտություններից մեկը: ԵԽԽՎ-ն որոշել է, որ պատրաստելու է զեկույց` «Բռնության ահագնացումը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Սրանից հետեւում է, որ ԵԽԽՎ-ն այսուհետեւ ԼՂ-ն համարում է Ադրբեջանից օկուպացված տարածք: Երբեք որեւէ միջազգային փաստաթղթերում նման ձեւակերպում չի եղել, սա առաջին անգամն է, իսկ դրա միակ պատասխանատուն թալանչի, ապաշնորհ իշխանություններն են: Սրանք այնպես են անում, որ մեր երկիրը կորցնի դիմակայելու որեւէ ռեսուրս»: Անդրադառնալով վերջերս ԱԺ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն արտահայտությանը, թե եթե ընդդիմությունը մարտի մեկ է կրկին ուզում, դա չի լինի, Լեւոն Զուրաբյանը նշեց. «Մարտի մեկով, Հովիկ Աբրահամյաններ ու Սերժիկ Սարգսյաններ, մեզ չվախեցնեք. հլը որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը: Ժողովուրդ, դուք պետք է գիտակցեք ձեր ուժը ոչ միայն հոկտեմբերի 10-ին, իշխանափոխության ժամանակ, այլեւ դրանից հետո, քանի որ դուք պետք է ակտիվ լինեք` իշխանություններին մշտապես ուշադրության կենտրոնում պահելով»: Վերջացնելով իր ելույթը` Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանուն ՀՀ անվտանգության, պաշտպանունակության, օրինական պետության, բարեկեցության, բոլորը մեկ մարդու պես հոկտեմբերի 10-ին պետք է ցույց տան ժողովրդի ուժը. «Դրանից հետո առաջին բանը, որը գոռալու ենք` «Սերժիկ հեռացիր»: