«Իրադարձությունները 700-800 կմ-ի վրա են եւ վտանգ են ներկայացնում» (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Սիրիա եւ Իրաք ներխուժելու մասին օրինագիծը։ Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը հետեւել է իրադարձություններին և կարծում է, որ Թուրքիայի ընդունած օրինագծում արտառոցը միայն այն չէ, որ մեր հարեւան երկիրը իր զինված ուժերին թույլատրում է սահմաններից դուրս գործողություններ կատարել. «Այդ ամենը նա նախկինում էլ էր արել, նորություն այստեղ չկա։ Հետաքրքիրն այն է, որ Թուրքիան թույլատրում է արտաքին ուժերին իր բազաներն ու տարածքները օգտագործել այդ նույն ուժերին հարվածելու համար»։ Տարածաշրջանային այս իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի վրա՝ համոզված է արեւելագետ Հայկ Քոչարյանը. «Տարածաշրջանը շատ խառը իրավիճակում է։ Ամեն ինչ 700-800 կմ հեռավորության վրա է տեղի ունենում, ու այն նաեւ հանգամանքների բերումով կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար»։ Իրատեսակա՞ն է արդյոք, որ այս իրադարձությունների ֆոնին Քրդական պետություն կստեղծվի. «Քրդական գործոնը Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերություններում խիստ կարեւոր է։ Իսլամական պետության գոյությունը բխում է Թուրքիայի շահերից ՝ քրդական հարցի տեսանկյունից։ Բաժանիր, որ տիրես սկզբունքով է առաջնորդվում Թուրքիան, ու նրան ձեռք է տալիս, որ քրդերն ու իսլամիստները բախվեն եւ թուլանան»,- կարծում է թուրքագետը եւ հավելում, որ այսօր տիրող իրավիճակում սպասել քրդերի անկախացմանը՝ իրատեսական չէ։