Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավոր. Գնում ենք մեր շահի ետեւից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
o7F-Imc1xAQ

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ-ի «ԵՏՄ մասին»  մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին»` պայմանագրի նախագծին: Այն պահին, երբ այս պայմանագիրը ուժի մեջ մտնի, ՀՀ-ն կդառնա ԵՏՄ անդամ: Նախատեսվում է, որ ՀՀ-ն միության անդամակցության պայմանագիրը կկնքի հոկտեմբերի 10-ին: Պայմանագրով սահմանվում են անցումային դրույթները եւ միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների ու դրույքաչափերի ցանկը: Բացառություն են կազմելու 750 անուն ապրանքատեսակներ. ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով այդ հանգամանքը կպահպանի մեր շուկան անցումային շրջանում հնարավոր ցնցումներից, գնաճից, հումքի, պահպանելով սարքավորումների վրա մաքսային նախկին դրույքները: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ծանոթ չէր պայմանագրի նախագծին, սակայն կարծում է, որ միայն ներմուծման խնդիրներ կունենա իր ղեկավարած ոլորտը. «Մենք կարող ենք արտահանել մեր ոչ մետաղական շինարտադրանքը` պերլիտներ, ջերմամեկուսիչ նյութեր, ավազներ, շլակներ, խարամներ, քարեր բնական» ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով` հոկտեմբերի 10-ին ոչ մի պայմանագիր էլ չի կնքվի: Նա վստահ է` ԵՏՄ-ն մեզ տնտեսական մարտահրավեր է, որը խանգարելու է եւ առանձնապես ոչինչ չի տա. «Օրեցօր այդ միությունը ՌԴ գլխավորությամբ գնում է համաշխարհային տնտեսությունից տնտեսական մեկուսացման»: Առաջին հարվածը, ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ կլինի օտարերկրյա ներդրումների վրա, որոնք կնվազեն: Իսկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ` կան բավականին մեծ հիմքեր ենթադրելու, որ 2015թ. հունվարի 2-ին, ՀՀ-ն կլինի ԵՏՄ անդամ. «Դրա հետ կապված հերթական քայլը, որ պետք է տեղի ունենա հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա»: Գագիկ Մինասյանը նկատում է. անցած տարի` սեպտեմբերի 3-ին, ՄՄ անդամակցության վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, մեր երկիրն արդեն ստացել է արտոնություններ՝ գազի , չմշակված ադամանդի, նավթամթերքի գնի հետ կապված: Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ՝ արեւմտյան պատժամիջոցներին, ապա պարոն Մինասյանի խոսքերով` դժվար է կանխատեսել դրանց զարգացման միտումները. «Ենթադրվում է, որ մինչեւ եկող տարվա գարունը վերջնական ուղղությունը զարգացումների կլինի բավականին հարափոփոխ: Մենք չենք գնում ռիսկի, մենք գնում ենք մեր շահի ետեւից։ Շահը միայն տնտեսական չէ, քանի որ կան անվտանգության խնդիրներ, որոնք մեր նման երկրի համար շատ ավելի բարձր կարեւորություն ունեն»: Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեր ապրանքաշրջանառությանը, ապա պարոն Մինասյանը հիշեցնում է` ԵՏՄ-ում ՀՀ-ն այն միակ երկիրն է լինելու, որն ունի «GSP+» կարգավիճակը. «Այն թույլ է տալիս արտահանել ԵՄ անդամ երկներ մեծաթիվ քանակի ապրանքատեսակներ` առանց որեւէ սահմանափակումների: ենթադրում եմ, որ այդ հնարավորությունը հրապուրիչ կլինի ոչ միայն մեզ համար, այլեւ ՄՄ անդամ մյուս երկրների տնտեսվարողների համար, հատկապես այդ սանկցիաների պարագայում»: