Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյան. «Մեր ժողովուրդը վաղուց է գրողի ծոցն ուղարկել արձանագրությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM89795-copy

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին նորություն էր ընդամենը դահլիճում նստած մարդկանց համար: Կարծում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. «մեր ժողովուրդը շատ վաղուց է գրողի ծոցն ուղարկել այդ արձանագրությունները` դեռ մի բան էլ հեռու: Կարելի էր` դա ավելի շուտ ասել»: Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները տարիներ շարունակ սպասում են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հայտարարում է, որ կվավերացնի այն միայն, եթե ԼՂՀ-ն հանձնվի Ադրբեջանին. «ՀՀ-ում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք», ասել է Սերժ Սարգսյանը: Ռուբեն Հակոբյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը կարող էր դիվանագիտական բառապաշարով խոսել, սակայն այս տարբերակը եւս ընդունելի է. «Լավ է, գոնե այդպես է ասել: այսինքն` ժողովրդի խոսքը, ժողովրդական եզրույթով տեղ է հասել, դա ընդամենը ժողովրդի վաղուց հնչեցրած եզրույթն էր, որը արձագանք չէր ստանում իշխանությունների կողմից»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար ելույթի նման ձեւակերպումները եւս արտառոց չէին. բոլոր քաղաքական գործիչներն իրենց խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար պետք է դիմեն ժողովրդական բառապաշարին. «Ես վստահ չեմ, որ այլ երկների նախագահները, որ խոսում են ՄԱԿ-ի ամբիոնից իրենց ժողովրդական բառուբանը չեն օգտագործում: իսկ այս պարագայում դիպուկ էր արտահայտված»: Պարոն Վարդանյանը նկատում է` ՀՅԴ-ն միշտ դեմ է եղել արձանագրություններին եւ հիշեցնում` Սերժ Սարգսյանի խոսքերը` «խելամիտ ժամկետում հնարավոր կլինի հետ կանչել դրանք». «Նախորդ բոլոր պարագաներում ՀՀ նախագահը խոսում էր ստորագրությունը ետ կանչելու մասին, այս անգամ խոսք եղավ խորհրդարանից արձանագրությունները ետ կանչելու մասին»: Քաղաքական գործիչները դեռ վստահ չեն` եթե ՀՀ խորհրդարանից ետ կանչվեն արձանագրությունները, դա կնշանակի նաեւ ստորագրությո՞ւնը ետ կանչել. «Տրամաբանությունը հուշում է, որ մինչեւ Ցեղասպանության 100-ամյակի օրերը ի վերջո այդ սպառնալիքը պետք է իրագործվի, այլապես մենք մի տեսակ պատանդ ենք մնացել 3:27--այդ արձանագրություններին ու իսկապես ժամանակն է ՀՀ-ն ետ կանչի իր ստորագրությունը», ասում է Աղվան Վարդանյանը: