ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը բերման է ենթարկվել
Այսօր Կառավարության շենքի դիմացից անհայտ անձանց կողմից բերման է ենթարկվել ՀԱԿ երիտասարդ անդամ Վարդան Հարությունյանը։ Ինչպես «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Արեգ Գևորգյանը, Վարդանին ակցիայից հետո մոտեցել են քաղաքացիական հագուստով անձինք, և առանց պետհամարանիշի մեքենայով նրան տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Այժմ նա գտնվում է ոստիկանությունում։ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաստատեց Վարդան Հարությունյանի՝ ոստիկանության կողմից բերման ենթարկելու փաստը եւ հայտնեց հետևյալը. « Այսօր քննչականը ոստիկանությունից նյութեր է ստացել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 13-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վարդան Հարությունյանը եւ ներկայացվել նախաքննությանը։ Նա հարցաքննվել է որպես վկա եւ ցուցմունք է տվել, որ դեպքի օրն ընդհանրապես բողոքի ակցիային չի մասնակցել, այլ տանն է եղել»։ Սոնա Տռուզյանը նաեւ հայտնեց, որ Վարդան Հարությունյանն արդեն ազատ է արձակվել։