Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեներալ Մանվելից հետո խրամատներից փախչում էին բոլորը (տեսանյութ)

Քաղաքականություն
a79bf96dc88a4f4e87335c2ecaba3fda

Հանրապետական խմբակցությունն այսօր շտապում էր խրամատներ, ինչպես դա նրանց շաբաթ օրը հասկացրել էր Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը հասցրեց լրագրողներին ասել. «Խռով եմ ձեր հետ։ Ստից բաներ եք գրում»։ Խրամատներում ամբողջ ՀՀԿ խմբակցությունն էր՝ տեսանելի բոլոր կողմերից։ Բացակայում էր գործարար Սամվել Ալեքսանյանը։ Առաջինը խրամատը լքեց  գեներալ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը եւ խրամատը լքողների մասին ասաց. «Այ տղա, լքող ըլնի, հետեւին ձեռ կտամ»։ Գեներալից հետո խրամատներից փախչում էին բոլորը՝ եւ ԲՀԿ-ից եւ, ՀԱԿ-ից եւ Դաշնակցությունից։ Արցախյան ազատամարտի մասնակից ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն այն մարդկանցից չէ, որը կասի, թե ինչու է լքում դիրքերը. «Դավայ, յան տվեք սաղդ»։ Իսկ Նահապետ Գեւորգյանը, պարզվեց, չէր լսել կամ կարդացել Հանրապետական խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի խոսքը։ Նա զարմացած էր, երբ խնդրեցինք խրամատները լքելու մասին իր կուսակցության ղեկավարի խոսքը. «Չեք ամաչու՞մ դուք։ Ձեր էս արարմունքից չեք ամաչու՞մ»։ Աշոտ Աղաբաբյանը նույնպես պատերազմի մասնակից է։ Առաջինն էր, որը փորձեց ասել, թե ինչ է հասկանում խրամատ ասելով. «Էսօր ամեն ինչ էլ խրամատ է եւ պետք է տեղում լինել»։ Այնուամենայնիվ, պատգամավորը նիստերի դահլիճը լքել էր։ Մինչդեռ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, եթե զինվորը խրամատում է ու չի կրակում, գրոշի արժեք չունի. «Ու՞մ կրակել։ Մինչեւ հիմի չհասկացա՞ք, հա՞, ում պիտի կրակվի, անընդհատ մտածում եք, թե ամեն ինչ պիտի մեր դեմ լինի»։ Բանակում չծառայած, վաղուց երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանը վերջապես ուրախ էր, որ թեկուզ Ազգային ժողովում, բայց հայտնվել էր խրամատում. «Ես ուրախ եմ, որ իմ գործն եմ իրականացնում»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Հմի էս պահին ես էլ եմ դուրս եկած, ի՞նչ ա՝ ես անպատասխանատու պաշտոնյա՞ եմ կամ անպատասխանատու պատգամավո՞ր եմ»։ Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ՝ խրամատներ մտնել եւ դուրս գալու թեման ամփոփում է փոխխոսնակը։ Ընդդիմադիր Լյուդմիլա Սարգսյանը Սերժ Սարգսյանի հորդորը համարում է անիմաստ կոչ՝ լքողները շարունակելու են լքել. «Դրանով կոչ էր անում ավելի ակտիվ դիմադրել ընդդիմադիր հատվածին»։ Տիկին Սարգսյանը պետք է հիասթափեցնի Հանրապետական կուսակցության ղեկավարին՝ այդքան փամփուշտ չունեք, որպեսզի դիմադրեք ընդդիմության գրոհներին։ Ձեր դեմքը փրկել չի լինի,-հանրապետականներին դիմեց ՀԱԿ-ականը։