«Ոչ Օբաման, ոչ Պուտինը չեն կարող Ղարաբաղի հարցը լուծել, եթե չլինի կողմերի ցանկությունը»
Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկմանը անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նկատել է. «Մենք թեև ունենք պաշտոնական վիճակ, բայց ոչ մի իրական քննարկում չկա։ Կողմերն ավելի շատ հանդես են գալիս հայրենասիրական հռետորաբանությամբ կամ էլ սահմանափակվում են չոր լուրեր հաղորդելով»։ Փորձագետը խոստովանում է, որ դժվարանում է հիմնախնդրի էֆեկտիվ լուծում առաջարկել, քանի որ վիճակը ավելի ու ավելի խճճվում է. «Ներկա իրավիճակում ես գտնում եմ, որ լավագույն քայլը կլիներ հարթակ ստեղծելը հակամարտող կողմերի նախագահների հանդիպումներ համար, բայց անգամ այս հարթակի ստեղծումը պետք է լինի միայն նրանց ցանկության դեպքում։ Եթե կողմերը հիմնախնդրի լուծման ցանկություն չհայտնեն, հավատացեք, ոչ Օբաման, ոչ Պուտինը, ոչ Քերին և այլոք ոչինչ չեն կարող անել»։ IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ Ադրբեջանում մարդիկ տրամադրված են ավելի մարտական, քանի որ նրանք համոզված են, որ պատերազմը դեռ ավարտված չէ: