Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանում էշեր չեն մնացել». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
98c9ee506c9b2ab6411c39930575b596

Առանց Լեռնային Ղարաբաղի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չի զարմացնում եւ չի մտահոգում մոսկվայաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Գուցե մեկնումեկը կարող է ինձ ցույց տալ մի թուղթ, որի վրա գրված է. որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Ոչ մենք համարում ենք, որ նա Հայաստանի մասն է, ոչ էլ ճանաչում ենք, որպես անկախ պետություն»,- ասաց քաղաքագետը։ Պարոն Միհրանյանը Երեւանում է Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպելու առիթով. թեման՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությունն է, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց ուղիղ մեկ տարի առաջ; Քաղաքագետը միանշանակ կողմ է այդ անդամակցությանը։ Նա նույնիսկ ավելորդ է համարում անդրադառնալ այն պնդումներին, թե այս գործընթացի արդյունքում Հայաստանը կկորցնի իր անկախությունը: «Այդ ապուշությունները այնքան եմ լսել, որ եթե այսպիսի արտահայտություն ներելի է Հիլարի Քլինթոնի համար, ապա ներելի չէ Հայաստանի ապրողների համար»,- «Ա1+»-ին ասաց Անդրանիկ Միհրանյանը։ Քաղաքագետի խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ՄՄ-ին անդամակցելով Հայաստանը կվերադառնա Խորհրդային միություն, ուղղակի կտրված են իրականությունից։ «Հայերը պետք է վախենա՞ն Խորհրդային միությունից, այդ հսկայական գիտությունը, որ Սովետական միությունը տվեց, էդ հսկայական արվեստը, որ տվեց, էդ Օպերան, էդ թատրոնները, էդ ամեն ինչը։ Դուք պիտի վախենա՞ք, թե՞ Մոսկվան պիտի վախենա, որ էլի տասնյակ միլիարդներ պիտի սուբսիդիա տա։ Ռուսաստանում էշեր չեն մնացել, որպեսզի իրենց հաշվին ուրիշներին պահեն»,- ասաց նա։ Պաշտոնական հայտարարություններով Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչեւ 2015 թ-ի սկիզբը։ Վլադիմիր Պուտինը արդեն հանձնարարել է ստորագրել Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը։