Եզդի կանանց վաճառել են որպես ստրուկ
Հայաստանաբնակ եզդիները նոր են վերադարձել թուրք-իրաքյան սահմանից։ Վերջիններիս խոսքով՝ 22 հազար եզդի է տեղահանվել և ապաստան գտել թուրքական 5 քաղաքներում։ Փախստականներին այցելած «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների միավորում» հկ նախագահ Բորիս Մուրազին համոզվել են, որ իրենց հայրենակիցների հիմնական խնդիրը ոչ թե սննդի հետ էր կապված, այլ կացարանների, քանի որ մարդկանց մեծ մասը գիշերում է այգիներում։ Հարցն ինչ- որ առումով կարգավորվել է Հայաստանում հանգանակած գումարների շնորհիվ։ Հայաստանաբնակ եզդիները զրուցել են իրենց հայրենակիցների հետ և սարսափով են ներկայացնում նրանց պատմածները. եզդիների նկատմամբ առանձնակի դաժանություն է ցուցաբերվել։ Սաշիկ Սուլթանյանը պատմում է. «Եզդի կանայք տարվել են Մոսուլի շուկաներ և վաճառվել որպես ստրուկ, մի մասն էլ պարանով ամրացրել են իրենց ձեռքերն ու անդունդը նետվել, որ չընկնեն իսլամիստների ձեռքը»։ Փախստական դարձած եզդիներն ամեն դեպքում վախենում են վերադառնալ իրենց բնակավայրերը.«Իրենք բացատրում են, որ շրջապատված են մուսուլմաններով, և եթե այսօր վերադառնան ու պատերազմը ավարտվի, չի բացառվում, որ 1 շաբաթ, 1 ամիս կամ 1 տարի հետո կսկսվի այդ պատերազմը»,- ասում է Բորիս Մուրազին։ Մի քանի ամիս առաջ Իրաքում եզդիների նկատմամբ սկսված մասսայական կոտորածների հետևանքով դատարկվեցին եզդիաբնակ Մոսուլ, Շանգալ և Սինջար քաղաքները, ընդհանուր առմամբ սպանվեց շուրջ 20 հազար եզդի։