«Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» մրցակարգերը՝ Գորիսում
Գորիս քաղաքում օգոստոսի 23-ին առաջին անգամ տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը։ Այս մասին այսօր տեղեկացրեց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը։ Ըստ նրա՝ փառատոնի նպատակն է նպաստել Գորիսում և շրջակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.«Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնել՝ ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, ականատես կլինեն Սյունիքի ավանդական ճաշատեսակենրի համարվող թոնրի լոբու, կուրկուտի, քրլոգոշի պատրաստմանը», - նշեց նա։ «Արենի» փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ փառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ, նախատեսված են «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» մրցակարգերը։ Նա նշեց, որ այս փառատոները խրախուսում են մարզի բնակիչներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ հույս ունի՝այս տարվանից սկսած՝ փառատոնը ամենամյա կլինի։