Օսիպյանը կգա՞ դատարան (տեսանյութ)
«Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները» քրեական գործով ամբաստանյալ Վահե Մկրտչյանը ոստիկանին չի հարվածել. նման ապացույց գոյություն չունի: Այսօր հայտարարեց նրա պաշտպան Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով գործով տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանի այն հայտարարությանը, թե Վահե Մկրտչյանը իրեն հարվածել է ձեռքի փայտով. «Այն լուսանկարը, որը գունավոր կցված է քրեական գործին, ես խնդրեցի ցույց տալ այն դրվագը, որ Վահե Մկրտչյանը հարվածում է։ Նա չկարողացավ ցույց տալ։ 3-րդ լուսանկարը ցույց տվեց, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ կցված է 4-րդ լուսանկարը, չնայած այդ լուսանկարով էլ որեւէ բան չի ապացուցվում»,- նշեց Հովհաննես Քոչարյանը։ Պաշտպանը կարծում է, որ տուժողի ցուցմունքը հերքվեց հենց գործում առկա ապացույցներով. «Այս պահին միայն ոստիկանության աշխատակցի ցուցմունք է Վահե Մկրտչյանի դեմ, այլ ապացույցները դա չեն ամրագրում»։ Իսկ ամբաստանյալներից Վարդան Վարդանյանին էլ հայտարարեց, թե արժանահավատ չէ նաեւ ոստիկաններից Գեղամ Խաչատրյանի այն ցուցմունքները, թե նոյեմբերի 5-ից հետո նա վերակենդանացման բաժնում է եղել, եւ այնտեղ իրեն այցելած ոստիկաններից է իմացել, թե դեպքի օրը ամբաստանյալներից ով ի՞նչ է արել։ «Էնքան ծանր է, որ պառկած է, երկրորդ այնքան թեթեւ է, որ 200 հոգի մարդ է գնում մոտը, մեզ մինչեւ լույս պահել են քննչականում, հարցաքննել են, բայց չգիտես ինչի, ամբողջ ՊՊԾ-ն գիտի մեր անունները եւ գնացել ասել են։ Էդ քննիչները մեր տվյալները բոլորին բաժանել են հա։ Գնացել են, կաթիլայինը անջատել են, ասել են Վարդան Վարդանյանն է եղել, հա»,- դատարանում հայտարարեց Վարդան Վարդանյանը։ Ամբաստանյալը հայտարարեց, որ գործը սարքած է եւ մեղադրողին խորհուրդ տվեց. «Գործը սարքում էիք, նորմալ սարքեիք, սաղ կխնդային վրաներդ»։ Շանթ Հարությունյանը, նրա որդին Շահեն Հարությունյան եւ 12 ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Այսօրվա դատական նիստին ներկա էր նաեւ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ամբաստանյալի աթոռին հայտնվածներին համարում է քաղբանտարկյալներ։ Դատական նիստը կշարունակվի հուլիսի 23-ին, ենթադրվում է, որ այդ օրը ցուցմունք կտա գործով տուժող, Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։