Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները փորձել են նվաստացնել հայ հասարակությանը. փորձագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
diversia

Այն, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քարվաճառի շրջան ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիները դիվերսանտ էին, կասկածից վեր է. hամոզված է փորձագետ Ստեփան Սաֆարյանը. «Բոլոր նրանք, ովքեր որ կարծում են, որ սա դիվերսիա չէր, ապա խորը մոլորության մեջ են, իսկ ավելի ստույգ թերևս տարածում են այն, ինչ-որ ուզում է Ադրբեջանական կողմը։ Ես չեմ մեղադրում նրանց Ադրբեջանի հետ համագործակցելու մեջ, սակայն այս ամենը ադրբեջանական կողմի թեզերն են»,- ասաց փորձագետը։ Իսկ ազատամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը հակառակն է պնդում. «Անհասկանալի ինչ-որ բան ա, սա չի կարելի դիվերսիա անվանել, ես զինվորական եմ, ես տեսել եմ դիվերսանտների, այս մարդիկ նման չէին»,- նշեց նա։ Ստեփան Սաֆարյանը վերլուծելով համացանցում հայտնված տեսանյութերն ու ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունները, եզրահանգել է՝ Ադրբեջանցի դիվերսանտներն ակնհայտ աշխատել են հենց ներքին լսարանի համար՝ Քարվաճառում պիկնիկ կազմակերպելով։ Նա նաև օրինակ է բերում հենց վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն տեսանյութը, որտեղ երկու ադրբեջանցի 2013թ.-ին Սիսիանի տարածքում աղոթում են։ Ինչպես դիվերսանտների, այնպես էլ այս երկու ադրբեջանցիների գործողությունները մի նպատակի են ծառայում. «Փորձ էր արվում ցույց տալ, որ այդ սահմանանցումները շատ հեշտ են ադրբեջանցիների համար, որ նրանք անվախ են, բացի այդ փորձ է արվում նվաստացնել հայ հասարակությանը, որովհետև շատ անսովոր է Քարվաճառում, ջրի մոտ խորոված անել, կրակ թողնել։ Ընդհանրապես ընդունված է, որ դիվերսանտները հատուկ նպատակներով են կրակ թողնում»,- «Ա1+»-ին հաղորդեց փորձագետը։ Նա հորդորեց թյուրիմացության մեջ չընկնել՝ հիմք ընդունելով դիվերսանտների փորերի մեծության կամ էլ խեղճացած հայացքները, իրականում նրանք չափազանց փորձառու են եղել. «Խմբի անդամները չափազանց լավ գիտեին տեղանքը»: ՊՆ մամուլի քարտուղարը արձանագրում է՝ Ադրբեջանը փոխել է իր գործելաոճը. «Եթե նախկինում զինվորական դիվերսիոն խմբերը փորձում էին թափանցել առաջնագիծ` վնաս տալով մարտական հենակետի ծառայողներին, ապա նման դիվերսիոն խմբերին տրվում է ավելի խորքային առաջադրանք»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը հավելում է՝ նման փորձեր շատ են եղել, հիմնականում հայ զինվորականները չեզոքացրել են դիվերսանտներին։ Ադրբեջանի ակտիվացումը սահմանին ՊՆ մամուլի քարտուղարը պայմանավորում է հայկական զինված ուժերի հզորացմամբ. «Ադրբեջանը, տեսնելով մեր ամրությունը փորձելու է ավելի նորանոր մեթոդներով անհանգստացնել»։ Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման մասին լուրերին, ապա թե´ ՊՆ խոսնակը, եւ թե´ փորձագետները քիչ հավանական են համարում այն: