Նիկոլ Փաշինյանը՝ Շանթի դատավարության մասին (տեսանյութ)
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ 13 ընկերների դատավարությունը։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց ոստիկան Գեղամ Խաչատրյանը՝ նշելով, որ ամբաստանյալներից Շանթ եւ Շահեն Հարությունյանները, Ավետիս Ավետիսյանը, ինչպես նաեւ Մկրտիչ Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին տարբեր ժամանակահատվածներում հարվածել են իրեն։ Այսօրվա դատական նիստում Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ Շահեն Հարությունյանը հրաժարվեցին պաշտպան Ինեսա Պետրոսյանից, քանի որ վերջինս մեկնելու էր արձակուրդ։ Շահեն Հարությունյանի պաշտպանությունը ժամանակավորապես կստանձնի փաստաբան Արա Զաքարյանը, իսկ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանն իրենք իրենց կպաշտպանեն։ Այսօր դատական նիստին մասնակցում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ քրեակատարողական հիմնարկում այցելել է Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին։ Վերջինիս խոսքերով՝ դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանի վարած դատական գործընթացներին լուրջ չի վերաբերում, իսկ սպասվող վճռի մասին նշեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ դատավճիռ է լինելու. «Գործի ձգձգումը կարող է կապված լինել նրա հետ, որ Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկայում էր։ Գուցե Մնացական Մարտիրոսյանը 2 ամիս պետք է փորձի Սերժ Սարգսյանից իմանալ իր կարծիքը»։ Այս պահին հայտարարվել է ընդմիջում։ Այնուհետեւ գործող տուժող Գեղամ Խաչատրյանին հարցեր կտան ամբաստանյալների պաշտպանները։