«Լռելու քաղաքականությունը տապալված է» (տեսանյութ)
«Հայաստանում տարիներ շարունակ բացակայում է արտաքին քաղաքականությունը, մեզ մոտ դիվանագիտական կորպուսի խնդիրը շատ լուրջ է»,- այսօր այս մասին հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Տիկին Ալավերդյանը ՀՀ արտաքին քաղաքականության անզորությունն ապացուցելու համար մեջբերեց Արցախը բանակցային գործընթացից հանելը. «Մենք տեսնում ենք միայն արդյունքները, բայց չենք տեսնում դա ինչ դոկտրինի ներքո է։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նաև ընդգծեց, որ պետք չէ ամեն ինչում մեղադրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. «Արտաքին քաղաքականություն ասվածը սկսում է նախագահից։ Ժամանակին մենք արևմտյան դոկտրինով էինք վարում մեր արտաքին քաղաքականությունը, այժմ էլ Ռուսաստանի դոկտրինի ներքո»։ Տիկին Ալավերդյանը նաև սխալ է համարում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայաստանյան ներկայացուցիչների կողմից հարց չտալը. «Լռել և ոչ մի բան չասել միանշանակ սխալ է, թող թուրքերն ասեն, թող իրենց ձայնը բարձրանա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։ Նրա հետ այս հարցում համակարծիք է Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը. «Մենք բացարձակապես ուշադրություն չենք դարձնում տեղեկատվական պատերազմին, քանի որ միշտ ասում ենք՝ բոլորը գիտեն։ Պետք է հիշել ՝ 100 անգամ ասված սուտն ի վերջո դառնում է ճշմարտություն։ Ամեն տեղ լռելու քաղաքականությունը մեզ դուրս է բերելու համաշխարհային պատմությունից»։ Տիկին Դանիելյանը կոչ արեց ՀՀ արտաքին քաղաքականությամբ զբաղվող բոլոր մասնագետներին հասկանալ, որ «մեզ գնահատում են, քանի որ մենք մեզ լավ ենք պահում» մոտեցումը արդեն չափից դուրս շատ է և չի աշխատում։