Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպեցին ԱԺ նախագահն ու ՌԴ Պետդումայի նախագահը

Պաշտոնական
narishkin

Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց ՌԴ Պետական Դումա: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանում եւ ամրապնդվում: Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Պետդումայի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը ավելի կզարգանան ու կխորանան, եւ այս համատեքստում բարձր գնահատեց միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Միջպետական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարևորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը: Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` ԱԺ նախագահը ընդգծեց Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ այն կստեղծի նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար: Գալուստ Սահակյանը նշեց, որ 2015 թ. լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ի թիվս այլ միջոցառումների՝ Երևանում ապրիլին կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով: Նա Սերգեյ Նարիշկին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս հայտնեց, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, եւ Պետդումայում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի: «Կարծում եմ նաև, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում՝ ֆաշիզմի հետ մեկտեղ»,-նշեց ԱԺ նախագահը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: