Ի՞նչ կտան Հայաստանին Բրյուսելյան իրադարձությունները (տեսանյութ)
Պատմության ընթացքը փոխել հնարավոր չէ. այս խոսքերով այսօր Բրյուսելում Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի տակ իր ստորագրությունը դրեց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Պատմության ընթացքից բացի, անփոփոխ էր նաև այն գրիչը, որը պատրաստվել էր Վիլնյուսյան չկայացած արարողության ընթացքում՝ նույն փաստաթուղթը ստորագրելու համար։ Այսօր Եվրամիության շուկային միացան նաև Մոլդովան և Վրաստանը՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագրերը։ «Միանգամից դրախտ 3 երկրներին չի սպասվում»,- «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Փաստն այն է, որ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան միանում են 500 միլիոն բնակչությամբ Եվրամիության շուկային։ Այս գործընթացներից Հայաստանը միայն դրական պտուղներ է քաղելու, կարծում է տնտեսագետ Թևան Պողոսյանը՝ վստահեցնելով՝ դրան չի խանգարի Եվրասիական տնտեսական միությունը։ Իսկ Արմինե Առաքելյանն իրատեսական չի համարում Եվրասիական տնտեսական միության կայացումը, փոխարենը համոզված է՝ եվրոպացիները չեն կորցնի Հայաստանի նկատմամբ իրենց հետաքրքրությունը։ Չնայած տնտեսագետի ու քաղաքագետի ուսումնասիրության ոլորտները տարբեր են, մի բանում նրանք համամիտ են՝ Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը։