Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Կարևոր լուրեր Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նիստը չի կայանում (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստն այսօր երկու անգամ 20 րոպեանոց ընդմիջում արեց: Առաջին ընդմիջումը խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նիստի սկզբում նա հայտարարեց, որ օրակարգը անարգանք է խորհրդարանի նկատմամբ, քանի որ այդ օրինագծերը ԱԺ է ուղարկել մի մարդ, որը ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հանրային հնչեղության նախագծերին պատգամավորները չէին ծանոթացել: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ ներկայացված օրինագծերի գերակշիռ մասը մասնագիտական հանձնաժողովներում չի քննարկվել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս դժգոհեց, որ ֆիզիկապես չեն հասցրել ծանոթանալ նախագծերին. «Լավ օրենք ընդունելու համար պետք է գոնե օրենքը կարդալ: Կառավարությանը դիմեք, թող էս օրենքների մի մասը հետ տանի»: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը համամիտ չէր պատգամավորների հետ. «Օրենքների 70 տոկոսը քննարկվել է: Եթե ձեզ մոտ հիշողության կորուստ կա, ես կարող եմ մեկ առ մեկ ներկայացնել»: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ որեւէ խախտում չի եղել, կառավարությունը ներկայացրել է օրինագծերը, խորհրդարանն էլ պետք է քննարկի: