«Իշխանությունն ուզում է հասնել նրան, որ երկրում պայքարող չմնա» (տեսանյութ)
Քառյակի պահանջներից անկախ, ՀԱԿ-ը շարունակելու է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ինչքան ուշացնեն, այնքան՝ վատ: «Եթե ժամանակը երկար գնաց, մարդ չմնաց, ինքնըստինքյան էդ խնդիրը վերանում ա։ Պայքարող եթե չեղավ, ո՞վ ա էս մարդկանց հախից գալու»,- հարցնում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը։ Իշխանությունն, ըստ պարոն Մանուկյանի, հենց այդ ուղղությամբ է աշխատում։ Սակայն քառյակի հետ ՀԱԿ-ը իշխանությանը ժամանակ է տվել, որպեսզի ավելանա այն մարդկանց թիվը, ովքեր հրապարակով են հեռացնելու Սերժ Սարգսյանին. «Մեր շարքերը, մեր տարածքային կառույցները մեզնից պահանջում են ավելին, քան մենք անում ենք»։ Ամեն ինչ, ըստ նրա, այդքան անհույս չէ՝ ՀԱԿ-ը խորհրդարան մտավ 7 հոգով, երբ գրեթե մյուսները միայն իշխանության հետ էին, մի քիչ աշխատանք տարան եւ այսօր ընդդիմությունն, ըստ պարոն Մանուկյանի, մոտ 55 հոգի է. «Երբեւէ Հանրապետականից անցնելու են ընդդիմություն, երբեւէ Հանրապետականից երես են թեքելու Սերժ Սարգսյանից, հատկապես Սահմանադրական բարեփոխումները փչացնելուց հետո»։ Սեպտեմբերի վերջին ՀԱԿ-ը պնդելու է այն, ինչ ասում է այսօր, հույս ունի, որ քաղաքական մյուս ուժերը կհամաձայնվեն իրենց հետ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ ԲՀԿ-ի համար այդ իմաստով տաբուներ չկան, փոքր քայլերով կգնան դեպի այդ օրը. «Երբեւէ պետք չէ թերագնահատել փոքր քայլերի հաջողության կարեւորությունը»։ Տիկին Զոհրաբյանն առաջարկում է դեպքերից առաջ չընկնել՝ քառյակի առաջարկած ժամկետին բան չի մնացել՝ 4 ամիս, այդ ժամանակ քառյակը կհրապարակի ժողովրդի սպասելիքները. «Վստահ եղեք, որ հանրությունը հաստատ չի հիասթափվի»։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ իրավիճակից ելնելով կքննարկեն քառյակի առաջարկած 12 կետերը, քառյակին, սակայն, ոչինչ չեն խոստանում. «Դեպքերից առաջ չընկնելով համ համամասնական-մեծամասնականի խնդիրը կքննարկվի, ինչու՞ չէ նաեւ ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ցուցակների խնդիրը»։