Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գծերի եւ մյուս տուգանքների հարցում կառավարությունը խոստանում է փոփոխություն

Քաղաքականություն
armen-gevorgyan

ԱԺ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն այսօր անդրադարձավ «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության պայքարին՝ նշելով, որ երեկ հետևել է նախաձեռնության ակցիաներին և անհանգստացած է խնդրով. «Ես ուզում եմ կառավարությանը հարց ուղղել այդ շարժման պահանջների վերաբերյալ, նաև ոչ իշխանական ուժերի համապատասխան կետի վերաբերյալ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին, հակառակ դեպքում «Դուրս մեր գրպանիցը» կդառնա հերթական «Դեմ եմ» շարժումը»,- նշեց պատգամավորը։ Նրան պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ասելով. «Այս խնդիրը կառավարության վերահսկողության տակ է։ Անգամ երեկ վարչապետի մոտ եղել է քննարկում, մենք քննարկել ենք ոչ միայն արագաչափերին առնչվող հարցերը, այլև անդրադարձ ենք կատարել կարմիր գծանշանների խնդրին։ Ես հուսով եմ՝ մենք շուտով բոլորս այս ուղղություններով ականատես կլինենք կոնկրետ գործողությունների։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ խնդիրների մի մասը գտնվում է կառավարության, իսկ մյուսը՝ Երևան համայնքի լիազորությունների ներքո, մենք չպետք է մտնենք համայնքային դաշտ»։ Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանը չկարողացավ թաքցնել իր հիացմունքը. «Այս տարիների ընթացքում, թերևս, առաջին անգամ արձագանքելիս, պիտի ասեմ՝ շնորհակալություն, պատասխանը իսկապես հուսադրող էր»։