Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի հետ որոշ տնտեսական անհամաձայնություն կլինի

Քաղաքականություն
kuxta

Հայ-ուկրաինական հարաբերությունները կխորանան նույն տեմպով, ինչ նախկինում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան. «Մնում են նախկին առաջնահերթությունները, հայ-ուկրաինական հարաբերությունները կխորանան բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Իվան Կուխտան հիշեցրեց, որ նմանաբնույթ ձևաչափով հանդիպում նա ունեցել է շուրջ երկու ամիս առաջ. «Դրանից հետո ես մեկնեցի Հայաստանից կոնսուլտացիաների համար, փառք Աստծո վերադարձել եմ, ամեն ինչ նորմալ է»,- ասաց դեսպանը: Այնուհետև դեսպանն անցում կատարեց Ուկրաինայի նախագահական ընտրություններին՝ ասելով, որ հիացած է ընտրությունների արդյունքներով. «Ամբողջ Ուկրաինան սպասում էր այս ընտրություններին: Դրանք ամենաժողովրդավար և հայրենասիրական ընտրություններն էին: Ես անձամբ մասնակցել եմ, և անկեղծ կարող եմ ասել, որ իմ գործունեության ամբողջ պատմության ընթացքում նման խանդավառությամբ ընտրություն չեմ տեսել»: Դեսպանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին. «Սա չափազանց կարևոր է հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման համար»,- ասաց նա: «Ա1+»-ի այն հարցին, թե դեսպանի համար տարօրինակ չէ՞ր, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալությանը հայ պատվիրակության ղեկավար էր նշանակվել ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը՝պարոն Կուխտան ասաց. «Մենք շատ դրական ենք ընդունել այդ հանգամանքը, դա բարձր մակարդակ է»: Չնայած, որ Ուկրաինայում այս պահին ճգնաժամային վիճակ է, դեսպանը շարունակում է լավատես մնալ. «Ուկրաինային սպասվում է լուսավոր և խաղաղ ապագա»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան մոտակա ամիսներին կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ երկիրն այլընտրանք չունի: Իվան Կուխտան նաև կարծում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները չեն տուժին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. «Ուկրաինայի և Հայաստանի հարաբերություններն էլ ավելի կխորանան: Իհարկե, որոշ տնտեսական անհամաձայնություն կլինի, սակայն դրանք նույնպես կլուծվեն»: Դեսպանը նաև կարծում է, որ Ուկրաինան երբեք չի հրաժարվի Եվրոպայի հետ ինտեգրումից: