Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանգնի՛ր երկրագունդ, իջնող կա». Նիկոլ Փաշինյանի թոփ 10-յակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5031b8925682540a28a341638d7fafe6

ԱԺ-ում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր կազմած թոփ 10-յակը` նախորդ Կառավարության եւ մասնավորապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի իրականացրած սկանդալային ծրագրերի ու գործողությունների: Հիթ շքերթի 10-րդ հորիզոնականում, ըստ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունն է, ըստ որի` տնտեսական ճգնաժամի դեմ հնարավոր է պայքարել հնարավորինս դրա մասին քիչ խոսելով: 9-րդ հորիզոնականում Արդարադատության արդեն նախկին նախարար, այժմ` ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարությունը, երբ նա ԱԺ պատգամավորների 1/3-ի հասցեին ասաց` «ղալաթ են անում», երբ պատգամավորներն ընդամենը ցանկանում էին իրացնել իրենք սահմանադրական իրավունքները։ «Ընդ որում, պարոն Թովմասյանի կողմից մինչ օրս ոչ մի ափսոսանքի խոսք չի հնչել»: Ըստ Նիկոլ Փաշինյանի` հիթ շքերթի 8-րդ տեղում մարզահամերգային համալիրում Տիգրան Սարգսյանի` հարբած հանրության առաջ հայտնվելն էր. «Ալկոհոլի օգտագործման մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն նա այդպիսով ինչպե՞ս կարող է սթափ գնահատել տնտեսական վիճակը: Ի դեպ, պարոն Սարգսյանն այդպես էլ չընդունեց իր` հարբած լինելու փաստը: Դա նաեւ խոսում է հանրության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին»: 7-րդ հորիզոնականում կրիտիկական զանգվածի` երկրից լքելու մասին Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է, իսկ 6-րդ տեղում գազի թանկացման սկանդալն է, ՌԴ-ին ունեցած 300 մլն պարտքն է, որի դիմաց էլ վաճառվեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը: 5-րդ հորիզոնականում, ըստ Նիկոլ Փաշինյանի սանդղակի, արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումն էր. «Այս գործիքը ՀՀ քաղաքացիների վրա 11 մլրդ դրամի լրացուցիչ բեռ դարձավ, որն այս տարի կդառնա 21 մլրդ դրամ, որը տալու են ոստիկանությանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը ու Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին: Հիթ շքերթի 4-րդ հորիզոնականում «Նաիրիտ» գործարանի սկանդալն էր, երբ Տիգրան Սարգսյանը 70 մլն դրամի վարկ տվեց «Ռան օյլ» անհայտ ընկերությանը, որը անգամ գրասենյակ չուներ, որպեսզի վերագործարկեր գործարանը. «Սակայն այն սնանկացավ: Տպավորությունն այնպիսինն է, որ մեր կառավարությունները մեկը մյուսին աբգոն են անում` գալիս են իրենց չափով սնանկացնում «Նաիրիտ»-ը ու գնում, իսկ մինչ այդ աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը»: 3-րդ հորիզոնականը, ըստ պատգամավորի, բացում է Պարտադիր կուտակային համակարգի ներդրումը. «Ինչքան է այս համակարգը հակասահմանադրական, որ անգամ մեր ՍԴ-ն այն այդպես ճանաչեց: Դա նշանակում է բոլոր ռեկորդները խփել ենք»: 2-րդ հորիզոնականում Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանն է, որը կորցնելու եզրին ենք կանգնած. «Մենք դեռ այդ աղետի մասշտաբներն ամբողջովին չենք գիտակցել»: Նիկոլ Փաշինյանի հիթ շքերթի «պատվավոր» 1-ին հորիզոնականում հանրահայտ օֆշորային սկանդալն է. «Տիգրան Սարգսյանը մարդկանց համոզում էր ներդրումներ կատարել ինչ-որ ադամանդագործական ընկերությունում եւ այդ նպատակով 10 մլն դոլար գումար կառավարության բյուջեից փոխանցեց: Հետագայում պարզվեց, որ այն պատկանում է Աշոտ Սուքիասյանին, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ու Տիգրան Սարգսյանին, որի արդյունքում էլ գործարար Փայլակ Հայրապետյանն էլ կորցրեց իր ունեցվածքը»: Իսկ ամենազավեշտալին, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն էր, երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գործարարության ոլորտում մենք անցել ենք Ֆրանսիային. «Այստեղ են ասել` կանգնիր երկրագունդ, իջնող կա»: