Ուղիղ միացում ԱԺ-ից. ինչպես են ծախսել գումարները (տեսանյութ)
Ազգային ժողովը ժամը 12-ից կշարունակի քառօրյա նիստերի աշխատանքը: Երեկվանից սկսվել է եւ կշարունակվի «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումը։ Նշենք, որ 2013 թվականի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, այլ եկամուտների կատարողականը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 8,2 տոկոսով: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է 66,2 տոկոս կատարողական: Պետական բյուջեի եկամուտների 93, 5 տոկոսն ստացվել է հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից: 13,3 մլրդ դրամ կազմել են արտաքին աղբյուրներից ստացված եկամուտները: Ծախսերը նախորդ տարում նախատեսվել էին 1 տրիլիոն 153 մլրդ դրամի չափով, սակայն տարվա ընթացքում այն ավելացել է 109,6 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 258 մլրդ դրամ: Ծախսային մասի կատարողականը կազմել է 90,8 տոկոս: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին ծախսերն ավելացել են 2,2 տոկոսով կամ 6,4 մլրդ դրամով: Արտաքին պարտքի սպասարկման նպատակով հատկացվել է 25 մլրդ դրամ: Նախորդ տարում պետական բյուջեի պահուստային ֆոնդից օգտագործվել է 43,2 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 19,4 տոկոսով: Ըստ այդմ՝ հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 899 մլն ԱՄՆ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 37,1 տոկոսը: Քննարկմանը հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։