Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես մեր տնտեսության վրա դեռ խաչ չեմ քաշել» (տեսանյութ)

Քաղաքականություն
sd

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն առաջարկում է Հայաստանի զարգացման 10 քայլ: Այդ այսօր ներկայացվեց ՍԴՀԿ «ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզ» խորագրով քննարկման ժամանակ։ «ՀՀ արտաքին քաղաքականությունը նման է վախվորած երեխայի նոր ձևավորված վարքագծին, ով դեռ չի հասկանում իրեն շրջապատող իրերի և երևույթների բացատրությունը», - ասաց ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը։ Բանախոսը հայտարարեց, որ ՀՀ արտգործնախարարությունը միշտ ուշ է արձագանքում Հայաստանին հասցեագրված հայտարարություններին՝ մեջբերելով, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը։ Նրա գնահատմամբ հայկական կողմը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որ առաջին հերթին կբխեն մեր շահերից. «Արցախի վերադարձը բանակցային գործընթաց կարևոր է։ Արցախն ունի անկախ ապրելու իր իրավունքը, և եթե դա չի ընդունվելու, ապա պետք է դադարեցնել բանակցությունները »։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Սիսլյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է պահանջատեր լինի. «Պետք է օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները և Անկարայի հետ հստակ հարաբերությունների պահանջ առաջ քաշել ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն և փոխհատուցումը»։   ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը երկիրը ճգնաժամից հանելը տեսնում է խորհրդարանական համակարգում. «Երկիրը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով։ Միայն խորհրդարանական կառավարումը կհաստատի հարաբերական կայուն քաղաքական համակարգ»։ ՍԴՀԿ ատենապետը հավելեց, որ օլիգարխիայի հեռացումը օրհասական և կարևոր խնդիրներից է Հայաստանի համար, սակայն այդպես էլ ոչ մի առարկայական քայլ չնշեց քաղաքական համակարգից օլիգարխիայի հեռացման համար։ «Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումը բխում է միայն Հայաստանի շահերից, - կարծում է Նարեկ Գալստյանը,-Այս հարաբերությունները պետք է լինեն արժանապատիվ։ Ռազմավարական զարգացման ուղղությունը Ռուսաստանն է, սակայն վախվորած կամ վասալային հարաբերություները կուսակցությունը մերժում է»։ ՍԴՀԿ ատենապետը Մաքսային միության Հայաստանի անդամակցությունը շահեկան է համարում նաև տնտեսական շուկայում. «Կտա առնվազն 150 միլիոնանոց շուկա, որից մենք այսօր զրկված ենք»։ Այն հարցին,թե Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է արտահանելու 150 միլիոնանոց շուկա, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը դժվարացավ պատասխանել. «Դե, համենայդեպս, ես մեր տնտեսության վրա խաչ չեմ քաշել»։