Լեւոն Տեր Պետրոսյանը օբյեկտիվ չէ՞. ԲՀԿ եւ ՀՀԿ կարծիքներ (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզն է. այսօր իր հոդվածում ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը։ Նա անդրադարձել է նորանշանակ կառավարությանը, Մաքսային միությանն անդամակցության գործընթացին, հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ու Սահմանադրական բարեփոխումներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նորմալ է վերաբերվում, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, համամիտ չէ, թե Սերժ Սարգսյանը կործանում է երկիրը։ Նա կասկած չունի, որ քննադատվելու են բոլոր իշխանությունները, անկախ նրանից, թե ով է ղեկին. «Առավել արժեքավոր կլիներ առաջին նախագահի խոսքը, եթե օբյեկտիվ լիներ։ Եթե ասեր, որ այսօր գյուղատնտեսության եւ տնտեսության վիճակը լավ չէ, որովհետեւ արդյունք է հողի եւ ընդհանրապես սխալ սեփականաշնորհման: Եթե ասեր, որ օլիգարխիայի հիմքերը իր ժամանակ դրվեցին»։ Փոխարենը Լեւոն Տեր Պետրոսյանի խոսքերի հետ համամիտ է ԲՀԿ- ական Վարդան Բոստանջյանը։ Ավելին` նա համոզված է՝ Տեր- Պետրոսյանի տեսակետների տակ կստորագրեր ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը։ Միաժամանակ, պարոն Բոստանջյանը չի ուզում հավատալ, որ սա մեր վերջն է. «Ես այդքան վատատես չեմ ուզում լինել եւ կարծում եմ, որ վերջնականապես չի կործանվել, դեռ ելքեր կլինեն»։ Ելքեր կլինեն, եթե Հայաստանը ճակատագրական սխալներ չանի, իսկ դրանցից մեկը Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսակետի ստեղծումն է՝ համոզված է տնտեսագետը. «Եթե Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրները շարունակեն պնդել իրենց նախապայմանները, ապա ընդհանրապես այդ միություն մտնելը պետք է բացառել»։ Իսկ ՀՀԿ- ական Լեռնիկ Ալեքսանյանը չի կորցնում իր լավատեսությունը։ Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանի ու Արցախի միասնությանը, անգամ ավելին՝ Մաքսային միությանն անդամակցելը կօգնի լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը։