«Նազարբաեւին պետք է պատասխան տրվեր» (տեսանյութ)
Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ճիշտ է համարում Հայաստանի՝ Մաքսային Միության միանալու որոշումը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը, սակայն Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ է իր շահերը առաջ քաշում, իսկ Եվրամիությունը՝ միշտ։ «Պետությունը ուրիշ պետության համար բարի լինել չի կարող, ունի իր պետական, իր ազգային շահը։ Ռուսաստանը շատ անգամ եղել է, որ մատնել է թշնամուն եւ միաժամանակ վնաս է պատճառել՝ օրինակ «Կոլցո օպերացիա»-ն, բայց այսօր միակ հնարավորությունն է ՄՄ-ին միանալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խաչիկ Ստամբոլցյանը։ Ըստ նրա՝ այսօր մենք ունենք Արցախյան եւ պաշտպանության խնդիր, եւ ձեռնտու չէ, որ ԵՄ-ն միջամտի։ Անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին, ըստ որի Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի, պարոն Ստամբոլցյանը նշեց. «Դու ո՛վ ես, երկրորդը՝ եթե մենք գրագետ լինենք, կասենք ՄԱԿ-ի այն սահմանները չկան, գոյություն չունեն, դա անգրագետ հարց է։ Նա դուրս եկավ, որ Ալիեւի մամուլի խոսնակն է։ Նա ակնարկեց, որ հետո Ալիեւին ասեր՝ տեսա՞ր ես քո շահը պաշտպանեցի։ Մեծ բան չի ներկայացնում, բայց վիրավորական է, դրան պետք է պատասխան տրվեր, որպեսզի հաջորդ նիստին նման բան տեղի չունենա»,- ասաց նա։ Սակայն, թե ինչպիսի պատասխան պետք է տրվեր, չմանրամասնեց։ Այսօր պարոն Ստամբոլցյանն անդրադարձավ նաեւ «Նաիրիտ» գործարանի խնդրին՝ նշելով, որ իրենք միայն մի բանի համար էին պայքարում՝ գործարանը պետք է աշխատի ֆիլտրերով։ Եթե նորից աշխատի առանց ֆիլտրերի, կրկին պայքարելու են։ Նա հիշում է, որ գործարանը նախատեսված էր տարեկան 25 տոննա կաուչուկ արտադրելու համար, սակայն արտադրում էր 50 հազար տոննա՝ թունավորելով եւ ավերելով քաղաքը։ «Նմանատիպ գործարանները քաղաքից դուրս պետք է կառուցվեին»,- եզրափակեց նա։