Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է բռնության գործով նախաքննությունը. ՀՔԾ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին` 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու և բացատրություն վերցնելու նպատակով: Նույն օրը` ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ: Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաև ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետև Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: 2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաև Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ ևս վերջիններս բռնություն են գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Գրիգորյանն Արսեն Հայրապետյանին սպառնացել է, որ Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելու դեպքում թույլ չի տա գնալ տուն: Տեղեկություններ կորզելու նպատակով Վ. Գրիգորյանը, առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյաններին տևական ժամանակով ապօրինի պահել է անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանին, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանին և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ասենք, որ մինչդատական վարույթում Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի և Կարեն Հարությունյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: ՀՔԾ