Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալներին պարզապես զոհաբերեցին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Harsnaqar-momavarutyun8

Այսօր Վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ «Հարսնաքարի գործով 6 ամբաստանյալներին պարզապես զոհաբերեցին»։ Իսկ թե ով՝ նրա 36 թերթանոց պաշտպանական ճառում չնշվեց։ «Ամբաստանյալների եւ մեղադրյալների թիվ են պարզապես ապահովել, եւ յուրաքանչյուրը, ով այնտեղ գտնվել էր, կարող էին բերել եւ մեղադրանք առաջադրել»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։ «Հարսնաքարի գործ»-ով վերաքննիչ բողոք են ներկայացրել թե տուժողները՝ ռազմական բժիշկները, եւ թե ամբաստանյալները։ Առաջին ատյանի դատավճռով ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի 6 աշխատակիցները ազատազրկման են դատապարտվել 12 տարով։ Նրանք մեղադրվել են երկու տարի առաջ ռազմական 4 բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու մեջ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանը 12 օր մնալով անգիտակից վիճակում՝ զրկվեց կյանքից; Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանը այսօր դատարանից պահանջեց հստակեցնել, թե ամբաստանյալներից ով ում է հարվածել եւ իրադրությունից բխող ի՞նչ վիճաբանություն է եղել։ Առաջին ատյանի դատարանում հենց Նորայր Հայրապետյանն էր, ով հայտարարեց, թե ինքն է հարվածներ հասցրել կյանքից զրկված Վահե Ավետյանին։ «Ամբողջ դատաքննության ընթացքում որեւէ տվյալ ձեռք չէր բերվել, թե ով է Վահե Ավետյանին հարվածել, Նորայր Հայրապետյանը զղջալով կատարվածի համար, խոստովանեց։ Անձին դատապարտեք նրա համար, ինչ որ կատարել է»,- ասաց նա։ Պաշտպանի խոսքով՝ գործով դատապարտված անձանցից շատերի մեղադրանքը չի ապացուցվել, քանի որ նրանք ընդհանրապես կապ չեն ունեցել տեղի ունեցածի հետ։ Այսօր իրենց խոսքում համեմատաբար մեղմ էին նաեւ ամբաստանյալների ծնողները. «Ես շատ եմ ցավում Վահե Ավետյանի ընտանիքի համար, բայց ցավելով չի նշանակում, որ անմեղին տանեն եւ 12 տարով նստեցնեն։ Իմ պահանջն այն է, որ տարանջատում լինի։ 6 մարդ հնարավոր չէ միեւնույն ժամանակ նույն գործողությունները կատարի»,- ասաց ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը։